Վանաձորցի Խաչիկ Բարսեղյանի մորը՝ Սոնա Ղազարյանին հանդիպում ենք վարձակալած բնակարանում: Հյուրասենյակում ամենուր որդու՝ Խաչիկի լուսանկարներն են, զինվորական գրքույքը, իրերը:

Խաչիկ Բարսեղյանը 2014 թվականի վերջին տուն է վերադարձել պարտադիր զինվորական ծառայությունից։ 2016-ի մարտի 27-ին տղան մահացել է ոտքում առաջացած չարորակ նորագոյացությունից:

Հուզմունքը սրտում տիկին Սոնան որդու մասին է խոսում, որի բուժման համար ընտանիքն արեց հնարավորն ու անհնարինը՝ բանակից նոր զորացրված երիտասարդի կյանքը փրկել սակայն չհաջողվեց:

Որդու մոտ առողջական խնդիրներն սկսել են ի հայտ գալ դեռ ծառայության ընթացքում: Երիտասարդը ոտքի խնդիր է ունեցել. ծնկի շրջանի չդադարող ցավերի պատճառը պարզելու համար նա բազմիցս բուժզննում է անցել:

Մոր խոսքով՝ ոտքի ցավի հստակ պատճառը պարզել բժիշկներին այդպես էլ չի հաջողվել: Հենց այդպես էլ տղան շարունակել է ծառայությունը:

2014թ.-ի վերջին զինծառայություն ավարտած ու տուն դարձած տղայի մոտ ոտքի ցավն այնքան է ուժգնացել, որ հարազատները նրան տեղափոխել են Մոսկվա՝ ցավի պատճառը հասկանալու համար: Մոսկվայում տղայի մոտ ախտորոշել են քաղցկեղ՝ վերջին ստադիայում:

Արդեն Հայաստանում տղայի ոտքը հեռացրել են, փորձելով այդպիսով փրկել նրա կյանքը: Դա, սակայն, չի հաջողվել: 2016թ.-ի գարնանը տղան մահացել է:

Այսօր Խաչիկ Բարսեղյանը կդառնար 22 տարեկան: Որդուն կորցրած միայնակ մորը հիմա միայն մի հարց է հուզում. ավարտին հասցնի որդու գերեզմանի կառուցումը: Ֆինանսական միջոցներ, սակայն, ընտանիքը չունի դա անելու համար: Որդեկորույս մայրը դիմում է բոլորի օգնությանն ու խնդրում աջակցել որդու գերեզմանի կառուցումն ավարտին հասցնելու համար:

Սոնա Ղազարյանի հեռախոսահամարն է 094 519938: