Հնարավոր է՝ կալանավորված միլիարդատեր արքայազն Ալ Վալիդը սխալ է մեկնաբանել սեփական երկրում այլախոհության հանդեպ հանդուժողականությունը: Ալ Վալիդի կալանավորման պատճառների մասին խորհրդածելիս նման եզրակացության է հանգել Bloomberg-ի լրագրող Էրիկ Շացկերը՝ մտաբերելով արքայազնին կալանավորելուց մի քանի օր առաջ անապատում նրա հետ իր վերջին ընթրիքը:

 Շացկերը, որն արքայազնից մի քանի հարցազրույց է վերցրել եւ նրա տուն ելումուտ է ունեցել, նշում է, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ Ալ Վալիդի պահվածքում ոչ մի բան չէր հուշում, թե նա կռահում է ինչ է իրեն սպասվում: «Նույնիսկ եթե կռահում էլ էր, ապա ցույց չէր տալիս»,- նշում է Շացկերը: Նրա կալանավորման հնարավոր պատճառների մասին խորհրդածելիս Շացկերը հիշում է 2015 թվականի փետրվարին Սալմանի գահակալությունից ընդամենը մի քանի շաբաթ անց տեղի ունեցած մի միջադեպ: «Հանգուցյալ Աբդալլահ թագավորի սիրելի զարմիկ Ալ Վալիդը երկար տարիներ ծրագրում էր արաբերենով հեռուստաալիք բացել, որը նորություններն ավելի հրապարակային տեսանկյամբ կհեռարձակեր, քան տարածաշրջանում մյուսները: Նա հեռուստաալիքն անվանել էր Alarab եւ հիմնադրել Բահրեյնում:

 Բահրեյնի կառավարության հրամանով հեռուստաալիքը փակվել է իր աշխատանքի հենց առաջին օրը եւ այլեւս երբեք աշխատանքը չի վերսկսել: Բահրեյնի իշխանությունները հայտարարել էին, որ Alarab-ի ծրագրերը, որոնցից մեկում ներառված էր ընդդիմադիր քաղաքական գործչի հետ հարցազրույցը, չեն կարողացել «ուշադրություն դարձնել տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ծայրահեղականության եւ ահաբեկչության հաղթահարմանն ուղղված ջանքերը»: Սա այն բանի նշանն էր, որ Ալ Վալիդը սխալ է մեկնաբանել Բահրեյնում այլախոհության հանդեպ հանդուրժողականությունը, եւ, որն ավելի կարեւոր է, Բահրեյնի հարեւան եւ նրա տնտեսական հովանավոր Սաուդյան Արաբիայում»,- կարծում է Շացկերը, ում այդպես էլ չի հաջողվել կալանավորվելուց հետո արքայազնի հետ կապ հաստատել:

 Ալ Վալիդը մշտապես հպարտանում էր, որ իր կարողությունն ինքնուրույն է վաստակել, եւ որ իր բիզնեսը նավթից կախված չէ: Լրագրողը նշում է, որ հարցազրույցներից մեկում Ալ Վալիդն ասել է, որ «մեծապես ողջունում է եւ անձամբ աջակցում» ժառանգորդ արքայազն Մոհամմեդի ծրագրերը նավթային եկամուտներից Սաուդյան Արաբիայի կախվածության նվազման, բյուջեի պակասուրդի կրճատման եւ արտասահմանյան ներդրումների ավելի մեծ ծավալների ներգրավման ուղղությամբ: Սոցիալական եւ տնտեսական հարցերում Ալ Վալիդի դիքորոշումը, հավանաբար, համընկել է 32-ամյա ժառանգորդ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի գլխավորությամբ ներկայիս արդիականացմանը: Սա, այնուամենայնիվ, նրան կալանավորվելուց չի փրկել:

 Հնարավոր է՝ թագավորական ընտանիքը վախեցել է, որ Կարմիր արքայազնի որդին ինչ-որ պահի կարող է անվերահսկելի դառնալ:

Նրա հայրը՝ Թալալ իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի առաջին թագավոր Աբդուլ Ազիզի որդին է: Հայտնի էր նաեւ որպես Կարմիր արքայազն: Թալալն իր գերդաստանում առանձնանում էր ազատական համոզմունքներով եւ պետության պահպանողական քաղաքականության դեմ պայքարով: 1985 թվականից 1964 թվականը Թալալը ղեկավարել է «Ազատ էմիրներ» լիբերալ շարժումը:

The return of Saudi Arabia's Red Prince-ում հրապարակված իր հոդվածում Ջոն Ռոսանթը պնդում է, որ Թալալի մայրը, ենթադրաբար, եղել է հայուհի Մունաիյիրը, որի ընտանիքը փախել է Օսմանյան Թուրքիայից՝ փրկվելով Ցեղասպանությունից: Ռոսանթը նշում է, որ Մունաիյիրը 12 տարեկանում ներկայացվել է (կամ նվիրվել) 45-ամյա թագավոր Աբդուլ Ազիզին: Երեք տարի հետո նա իր առաջնեկին՝ Թալալին է ունեցել, որը 3 տարի հետո մահացել է: 1931 թվականին Մունաիյիրը Աբդուլ Ազիզի համար եւս մեկ որդի է լույս աշխարհ է բերել, ում, բեդվինների ավանդույթների համաձայն, մահացած ավագ եղբոր անունով են անվանակոչել: Մունաիյիրը իսլամ է ընդունել եւ ամբողջ կյանքում անգրագետ մնացել: Կարծիք կա, որ նա եղել է Աբդուլ Ազիզի ամենասիրելի կանանցից մեկը, որը պաշտոնապես նրա հետ ամուսնացել է 1940 թվականին: Նա մահացել է 1991 թվականի դեկտեմբերին:

Տարբեր տարիների Թալալը զբաղեցրել է կապի, ինչպես նաեւ ֆինանսների նախարարի պաշտոնները: Սակայն 1960-ական թվականներից «Ազատ էմիրներ» շարժման ստեղծումից հետո Թալալը հրապարակայնորեն քննադատել է սաուդյան ռեժիմը: Արդյունքում նրա անձնագիրն առգարվվել է, ունեցվածքը բռնագրավվել, իսկ Սաուդյան Արաբիայում նրա կողմնակիցներից մի քանիսին կալանավորել են: Լիբանանի կառավարությունը Էր Ռիադի հետ խնդիրներ ունենալուց խուսափելու համար ձգտել է Թալալից եւ նրա «Ազատ էմիրներից» ազատվել, եւ նրանք Եգիպտոս են եկել: Այնտեղ արքայազնը հանդիպել է երկրի նախագահ Նասերի հետ եւ գիրք հրատարակել, որում պաշտպանել է սահմանադրական բարեփոխումները՝ սոցիալիզմը հռչակելով իսլամի գլխավոր սկզբունք: Այսպես են նրան տվել «Կարմիր արքայազն» մականունը:

 

Բացառված չէ, որ Սաուդյան Արաբիայի համար իր ազատական հայացքները ԱԼ Վալդիը ժառանգել է հորից։

Օրինակ՝ նրա կինը՝ Ամիրան, ոչ միայն արքայական տոհմից չէ, այլ նաեւ առաջին սաուդյան արքայադուստրն է, որը հրաժարվել է հասարակությանը ներկայանալիս կրել ավանդական աբբայան։ Արքայադուստրը Al-Waleed bin Talal Foundation հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն է։ Ֆոնդը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որն աջակցում է աղքատության դեմ պայքարի, բնության աղետների հետեւանքների վերացման,, կանանց իրավունքների եւ միջկրոնական երկխոսությունը պաշտպանող ծրագրերն ու նախագծերը։

 

Ի դեպ, նա իր արքայազնին հանդիպել էր 18 տարեկանում։ Աղջիկը դպրոցական թերթի համար հարցազրույց էր վերցրել նրանից։ Արքայազնը 28 տարով մեծ էր, սակայն դա նրանց չխանգարեց։ Ամիրան եւ Ալ Վալիդը միասին ապրել են 6 տարի, որից հետո ամուսնալուծվել են։ Բաժանվելու պատճառներն անհայտ են։ Այդուհանդերձ, զույգը պահպանել է ընկերական հարաբերություններ։ Ամիրան ամուսնուն անվանում է իր ուսուցիչը, իսկ Ալ Վալիդը նշում է, որ շատ է հարգում նրան։ Ամիրան ունի Time Entertainment պրոդյուսերական ընկերություն եւ զբաղվում է բարեգործությամբ։

Հետաքրքիր է, որ Ալ Վալիդը բուսակեր է եւ նախընտրում է ցածր կալորիական մթերքներ։ Նրա հյուրերին միշտ մատուցում են 4 տարբեր խոհանոցների՝ սաուդյան, լիբանանյան, արեւմտյան՝ իտալական կամ ֆրանսիական, ինչպես նաեւ դիետիկ ուտեստներ։ Բացի այդ, նա երբեք բաց չի թողնում նորությունները, դիտում է նրանք անգամ մեքենայում, ընդ որում, միանգամից մի քանի էկրանի վրա։