Տարկետման իրավունքը խիստ սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է: Ուսանողները 5-րդ օրն է, որ դասադուլ են անում: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ առավոտից ուսանողները հավաքվել են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ հրաժարվում են մասնակցել դասերին:

Նշենք, որ օրեր նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան հրավիրվել էր ՀՀ Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ եւ նախագիծը, դրական եզրակացությամբ, ուղարկվել ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ: ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ օրենքի նախագծում արվել են որոշակի զիջումներ, մասնավորապես բացառիկ տաղանդավոր ուսանողները կազատվեն զինծառայությունից: ԱԺ քառօրյան մեկնարկում է նոյեմբերի 14-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: