Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այս տարվա համար Հայաստանում կանխատեսել էր 2.2 տոկոս տնտեսական աճ, այնուհետեւ վերանայել է իր կանխատեսումն ու այժմ ակնկալում է 3.8 տոկոսի աճ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է , ԱԶԲ-ի փոխնախագահ Վենչայի Ջանը՝ նշելով, որ այս թիվն էլի համեմատաբար ցածր է։

Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է ունենա ավելի մեծ ու կայուն աճ։ «Կարող եմ ասել, որ առաջիկա 5 տարիների ընթացքում կունենանք երկրների նոր գործընկերության ռազմավարություն՝ 2019-2023 թվականների համար, այնպես որ փորձում ենք սատարել երկրի առաջնահերթությունները զարգացման բարեփոխումների համար՝ հատկապես մասնավոր հատվածում։ Այժմ ՀՆԱ-ի աճը համեմատաբար ցածր է, հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո։ Ասիական զարգացման բանկը սկզբից կանխատեսում էր 2.2 տոկոսի աճ այս տարվա համար, այնուհետեւ վերանայեց իր կանխատեսումն ու այժմ ակնկալում է 3.8 տոկոսի աճ Հայաստանում, որն էլի համեմատաբար ցածր է։ Կարծում եմ՝ պետք է ունենալ ավելի մեծ ու կայուն աճ, իսկ ավելի կարճաժամկետ կտրվածքով, իհարկե, պետք է ուշադրություն դարձնել նաեւ մակրոտնտեսական կայունությանը», - ասաց ԱԶԲ փոխնախագահը։

Վենչայի Ջանի խոսքով՝ այժմ Ասիական զարգացման բանկը փորձում է խրախուսել բարեփոխումները եւ աջակցել հատկապես առանցքային ենթակառուցվածքներին, որպեսզի հիմքեր ստեղծվեն միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով ավելի ուժեղ, ավելի կայուն, ավելի ներառական աճի համար։

«Իհարկե մենք կփորձենք աջակցել բարեփոխումների այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, քաղաքաշինություն, սոցիալական ոլորտի համար ծրագրերի, նույնիսկ գյուղատնտեսական ոլորտի համար ծրագրեր, բայց միեւնույն ժամանակ սատարում ենք այնպիսի բարեփոխումները, ինչպես արդեն նշել եմ, ֆինանսական շուկան, հանրային հատվածի արդյունավետության բարձրացումը, եւ նույնիսկ սոցիալական ոլորտում կրթության եւ առողջապահության բարեփոխումները, մասնավոր հատվածի միջավայրի բարելավումը», - ասաց Վենչայի Ջանը։

Նշենք, որ Վենչայի Ջանը Հայաստան էր ժամանել անցած շաբաթ։ Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։