ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Տավուշի տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Իջեւան-Ճամբարակ ավտոճանապարհի խաչմերուկից շուրջ 600 մետր դեպի Իջեւան քաղաքի ուղղությամբ՝ ճանապարհի աջ մասով հոսող գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ մասամբ հոշոտված։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ հագուստներ եւ այլ իրեր:

Փորձագետների հետ կատարված դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի հատվածում։

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաեւ՝ դատակենսաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դիակի ինքնությունը եւ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան–Իջեւան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս:

Ոստիկաններն ու քննիչները Հովք գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են գետի ափին բերանքսիվայր ընկած վիճակում, ինքնությունը չպարզված կնոջ հոշոտված դի: