ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից Վիգեն Սարգսյանի ծառայության վերաբերյալ զինկոմից պահանջած թղթերի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցման պատասխանը տրվել է բոլոր հիմնավորումներով, օրենսդրական հիմքերով: Այնտեղ հստակ նշված են բոլոր այն հիմքերը, որոնց համաձայն պահեստազորի որեւէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո:

Ավելին, մշտական չեն պահվում անգամ պահեստազորային շարքայինների գործերը, դրանք վերացվում են սահմանված ժամկետի լրանալուց հետո: ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես մեր ԶՈւ-երի բոլոր սպաներինը: Պահեստազորի սպան ունի սպայական գործ, որը պահպանվում է ըստ կարգի»,-գրել է Արծրուն Հովհահննիսյանը Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տարկետման հիմքերը չեն տրամադրվել. դրանք ոչնչացված են:

«Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։

Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետեւ, ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։

Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է»,- մասնավորապես գրել էր Փաշինյանը։