«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկօրյա այցեր է կատարելու Բաքու եւ Երեւան: «168 Ժամի» ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ ռուս նախարարը նոյեմբերի 19-ին կմեկնի Բաքու, իսկ 20-ին կժամանի Երեւան: Մեր տեղեկությունների համաձայն՝ Լավրովի տարածաշրջանային այցի օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է:

Ըստ «168 ժամի» աղբյուրների` Լավրովի օրակարգի վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում: «Առաջինի համաձայն` Լավրովը փորձելու է արդյունավետ օրակարգ մշակել սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման համար, որի կենտրոնում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են, ըստ երկրորդի` Լավրովը ծրագիր է առաջարկելու, որն ունի մյուս համանախագահ երկրների աջակցությունը»,- տեղեկացրել է մեր աղբյուրը:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ մոսկովյան կողմը դեմ չէ իր առավելության շեշտադրմանը բանակցություններում, որը կանի նման այցի միջոցով, սակայն ՄԽ շրջանակից դուրս քայլեր չեն եղել ու չեն լինի: Սկակովը նաեւ նշել է, որ ռուսական կողմն առանձին ծրագրեր չունի, ինչի մասին քանիցս նշել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում