Թուրքիայում պատմական Կիլիկիայի Տարսոն քաղաքում գաղտնիության պայմաններում հատուկ նշանակության զինվորների հսկողությամբ Սուրբ Պողոս եկեղեցու հարեւանությամբ գտնվող մի տան բակում հորատումներ են տեղի ունենում։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Տարսոնում գաղտնիության պայմաններում իրականացվող հորատումները մեծ հետաքրքրություն են առաջացրել Թուրքիայում, մանավանդ երբ հորատումների վայր մտնելն արգելված է եւ որեւէ տեղեկություն հորատումների մասին չեն հայտնում։

Բնակիչների մի մասը նշում են, թե տվյալ մասում մեծ քանակի ոսկիներ ու գանձեր են գտնվել, սակայն որոշ բնակիչներ էլ պնդում են, թե լրիվ այլ բան են փնտրում, քանի որ հորատման վայրում նկատել են հատուկ արտահագուստով մարդկանց, որոնք հիմնականում աշխատում են ռադիոակտիվ վայրերում։

Հատուկ ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ իրականում խոշոր հորատումներ իրականացնող տեխնիկա է տեղափոխվել աշխատանքի վայր։

Որոշ մասնագետներ նշում են թե հայտնաբերվել է Հին կտակարանում հայտնի ուխտի տապանակը (նվիրական արկղ, որի մեջ պահվում էր Տասը Պատվիրանների քարե տախտակները, Ահարոնի ծաղկյա գավազանը և մանանայով լի ոսկե սափորը: Տապանակը դրվում էր Սրբություն Սրբոցում, ուր անտեսանելիորեն ներկա էր Աստված-խմբ), իսկ որոշները պնդում են, թե այդ վայրում գտնվում է վթարի ենթարկված թռչող ափսե։

Իսկ ահա Թուրքիայի մշակույթի նախկին նախարար, ներկայում պատգամավոր Ֆիքրի Սաղլարը հայտնել է, թե ամենայն հավանականությամբ այնտեղ փնտրում են Սուրբ Պողոսի գերեզմանը։ «Եթե Սուրբ Պողոսի գերեզմանը հայտնաբերվի, Տարսոնը կդառնա քրիստոնյաների գլխավոր սրբավայրերից եւ միլիոնավոր քրիստոնյաներ կայցելեն Տարսոն»,-ասել է նա։