Մենք սկզբունքորեն որոշել ենք, որ դուռը չպետք է բացվի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հայտարարեց ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ հայտարարած 5 ուսանողներից Դավիթ Պետրոսյանը:

«Եթե դուռը բացվի, կարող է փորձեն մեզ դուրս բերել այստեղից, կամ ասեն՝ դադարեցրեք հացադուլը: Ամեն ինչ կարող էլ տեղի ունենալ: Կարող է ուժ կիրառվել, կարող է չկիրառվել: Կարող է իսկապես բարի կերպով ուզում են մեզ դուրս հանել: Նույնիսկ եթե մարդիկ որոշեն մեզ միանալ, այդ դեպքում՝ էլ դուռը չի բացվելու»,-ասաց նա:

Անդրադառնալով իրենց պահանջներին, Դավիթ Պետրոսյանն ասաց. «Մեր հիմնական հայտարարությունն այն է, որ այսքան քննարկումներից հետո ԱԺ-ն չցանկացավ, որ ուսանողները ներկա լինեն այդ քննարկմանը եւ իրենց ձայնը բարձրացնեն: Հիմա այդ օրենքը ԱԺ-ում քննարկման է դրվելու առանց որեւէ փոփոխության:

Երկրորդ, մենք փորձում ենք սրանով ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացի իր խոսքով կարող է ազդեցություն ունենալ գործընթացների վրա: Այն հասարակական անտարբերությունը, որ կա, շատ ցավալի է: Մենք որոշեցինք այդ անտարբերության պատը սրանով կոտրել: Անվստահության բարձր մակարդակը հաշվի առնելով որոշեցինք այս քայլին գնալ հենց ծառայած տղաներով: Սրանով ուզում ենք ապացուցել, որ շարժումն ազնիվ է եւ արդարության համար է»:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամը նշեց, որ հացադուլն անժամկետ է եւ կախված է իրադարձությունների զարգացումից. «Գիշերելու ենք այստեղ: Մենք մեզ հետ վերցրել ենք մեկ բարձ, երկու ներքնակ, ջուր, ծխախոտ, հեռախոս, հեռախոսի լիցքավորիչ եւ թաց անձեռոցիկ: Այստեղ խնդիրը ուսանողության եւ ԵՊՀ-ի միջեւ չէ, խնդիրը ուսանողության եւ ԱԺ-ի միջեւ է: Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, պետք է նաեւ նեղություն կրենք»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում է նաեւ այդ օրինագիծը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: