«Առավոտ» թերթը գրում է. «Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության անդամները հայտարարում են, որ նոր Քրեական օրենսգրքի 197–րդ հոդվածը վտանգավոր է մեր հասարակության համար։ Օրերս այս նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանն ասել էր, որ նոր օրենսգրքի 197–րդ հոդվածով, որը վերաբերում է խտրականության դրսևորումներին, մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու Այվազյանի ձևակերպմամբ` սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն դրսևորելու համար։

Ըստ Այվազյանի` այս նոր օրենսգրքով ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները` նույնասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ–շքերթները խոչընդոտելու դեպքերը, եթե քաղաքացիները փորձեն խոչընդոտել, կդիտարկվեն խտրականություն և կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Երեկ էլ նույն նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանն է նմանատիպ կարծիք հայտնել` պնդելով, որ ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դեպքում քաղաքացին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։

Aravot.am –ը արդարադատության նախարարությունից խնդրեց պարզաբանել նշված նախաձեռնության անդամների հայտարարությունները և տեղեկացնել` արդյոք ՀՀ–ում օրենքով թույլատրելի են նույնասեռական ամուսնությունները։

Ըստ նախարարության. «ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով առաջարկվող 197–րդ հոդվածը արգելում է մարդու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի ուղղակի կամ անուղղակի խախտելը, այդ թվում` կախված սեռական կողմնորոշումից։
Սակայն խոսք չի կարող լինել նույնասեռական ամուսնությունների և երեխաների որդեգրման մասին, քանի որ նույնասեռական ամուսնություններն արգելվում են ՀՀ Սահմանադրությամբ։

ՀՀ–ում նույնասեռականների զույգերի օրինական ամուսնությունը հնարավոր չէ։ ՀՀ Սահմանադրության 35–րդ հոդվածը հստակ նախատեսում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում