Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշոց է սկսվել:

Նշենք, որ սկզբում նրանք փակել էին ԱԺ-ի Դեմիրճյան փողոցը, որից հետո շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտայի կողմից ԱԺ-ի մուտքի մոտ եւ փակեցին պողոտայի մի հատվածը:

Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը։ Երևանի փոխոստիականպետ Վալերի Օսիպյանը դիմելով ուսանողներին հորդորեց ազատել Բաղրամյան պողոտան. «Հակառակ դեպքում՝ ձեզ կարգի կհրավիրենք: Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, հասկանում ենք ձեր խնդիրը, բայց դուք չարաշահում եք: Ես ձեզ 5 րոպե ժամանակ եմ տալիս, կողմնորոշվեք, ձեր արարքը տանում է բախման ոստիկանության հետ: Դուք տեսնում եք, որ ձեր նպատակին չեք կարողանում հասնել, դրա համար փորձում եք հրահրել:

Դուք 7 օր շարունակ կոպիտ խախտել եք հավաքների ազատության մասին օրենքը: Այսօր էլ տեւական ժամանակ փակել եք Դեմիրճյան փողոցը: Իսկ հիմա կարեւոր նշանակություն ունեցող պողոտան փակել եք: Մենք ունենք բողոքներ քաղաքացիների կողմից, որ կարգի հրավիրենք ձեզ»,-ասաց նա:

Ոստիկանները փորձեցին ուժով ազատել Բաղրամյան պողոտան, հրմշտոց սկսվեց, սակայն պողոտան ազատել չստացվեց:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: