Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտառոց չի համարում, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների խիստ քննադատության տակ են առել վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նրա կառավարությունը: «Քաղաքական աշուն է, թեժանում են կրքերը»,-ասաց նա:

«Ես չեմ զարմանում, որովհետեւ այդ խմբակցությունն ընդդիմադիր խմբակցություն է, իսկ ընդդիմությունը սովորաբար քննադատում է: Մենք սատարում ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը, գտնում ենք, որ կառավարության քաղաքականությունը միտված է մեր երկրում առկա խնդիրները լուծելուն: Այն որքանով արդյունավետ կամ անարդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- ընդգծեց Շարմազանովը:

Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատություններում քաղաքական ենթատեքստ կար, Շարմազանովն արձագանքեց. «Քաղաքական գործընթացների մեջ պետք է լինի քաղաքական ենթատեքստ: Եթե լիներ անձնական, դա ծիծաղելի կլիներ: Շատ նորմալ է, որ քաղաքական ուժերը շփվում են քաղաքական ենթատեքստերով: Հիմա իրենք հարց են բարձրացրել, կտեսնենք՝ այսօր եւ վաղը բյուջեի քննարկումն ինչպես կընթանա: Եվ, ինչպես մեր հարգաժան առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն էր ասում ու շատ ճիշտ էր ասում, ընդդիմությունը քննադատելու համար է, իշխանությունը նրա համար է, որպեսզի պատասխանի այդ քննադատություններին: Երբ անձրեւ է գալիս, ընդդիմությունն ասում է` իշխանությունն է մեղավոր, երբ արեւ է լինում, ընդդիմությունն ասում է` սա իմ շնորհն է: Սա էլ ես չեմ ասել, ավելի խելացի մարդ է ասել, որի անունն է Լեւոն Տեր-Պետրոսյան»:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկին` ստեղծել հանձնաժողով եւ ուսումնասիրել, թե ինչպես է գոյացել Կարեն Կարապետյանի եւ Վարդան Հարությունյանի ունեցվածքը, նաեւ գազի ու բենզինի ոլորտում չարաշահումները, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, իսկ Հանրապետականն ինքն է օրակարգ թելադրում. «ՀՀԿ-ն երբեք ինչ-որ բանի չի միանում, ՀՀԿ-ն ինքն է օրակարգ թելադրում: Եթե մենք այս պահին քննիչ հանձնաժողովի ստեղծում չենք նախաձեռնել, բնականաբար դրա ջատագովները չենք: Բայց մյուս կողմից չենք մերժում որեւէ ընդդիմադիր խմբակցության՝ նախաձեռնություն հայտարարելու իրավունքը»:

Շարմազանովը բացառեց, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ժամանակից շուտ հրաժարական կտա: Ըստ նրա` եթե այս կառավարությունը ձախողի, դա կլինի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձախողում, սակայն ձախողման միտումներ չկան. «Կան դրական միտումներ եւ առաջընթացի միտումներ, որ լինելու են երկարաժամկետ, եւ 2022 թ., երբ գնանք նոր ընտրությունների, կարձանագրենք այն բոլոր պլյուսները, որ ունենք»: