Lragir.am-ը գրում է.

Ազգային Ժողովն, ինչպես եւ սպասվում էր, ընդունեց Զինվորական ծառայության եւ զինվորի կարգավիճակի, կամ հանրությանն ավելի հայտնի դարձած այսպես ասած տարկետման չեղարկման մասին օրենքի նախագիծը: Դրա դեմ պայքարի ելած մի քանի տասնյակ կամ հարյուր ուսանողները օրենքի ընդունումից հետո փորձեցին հընթացս շարունակել բողոքի ակցիաները, տեղի ունեցավ որոշակի լարվածություն եւ բախում ոստիկանության հետ, Բաղրամյան փողոցում:
Ուսանողները հավաստիացնում են, որ շարունակում են բողոքի ակցիան եւ բարձրաձայնում են իրենց կարգախոսը՝ «Տարկետում լինելու ա»:
Առայժմ փաստացի իրավիճակն այն է, որ տարկետում չի լինելու եւ այդ իրավիճակն օրենսդրորեն ամրագրելու գործընթացն արդեն տեղափոխվում է հաջորդ՝ Սերժ Սարգսյանի ստորագրության փուլ, որից հետո արդեն օրենքը կմտնի ուժի մեջ:
Ի՞նչ պետք է անի բողոքող, դրանից դժգոհ ուսանողությունը:
Իրավիճակը հասել է մի կետի, որտեղ կարծես թե տեղի է ունենում Հայաստանում բողոքի զանգվածային շարժումների համար ճակատագրական սխալների թերեւս հիմնական մեծամասնությունը:
Այդ կետում միախառնվում են հոգեբանական, մեթոդաբանական, նախադեպային, կարծրատիպային մի շարք գործոններ, որոնք էլ հենց ընկնում են զանգվածային բողոքի ակցիաների «ճակատագրական սխալների» հիմքում:
Դա թերեւս առաջին հերթին սեփական պայքարի անհաջողությունն ու անադյունավետությունն ընդունելու խնդիրն է, կամ այլ կերպ ասած՝ «սեփական պարտությունն» ընդունելու խնդիրը: Ուսանողները չեն հասել հաջողության եւ դա պետք է ընդունեն: Ճակատագրական սխալը կսկսի այնտեղից, երբ նրանք չընդունեն այդ իրողությունը եւ անցնեն հայկական զանգվածային քաղաքական կամ քաղաքացիական շարժումների ճնշող մեծամասնությանը հատուկ, բնորոշ գործընթացին՝ «ինքնարդարացմանը», «անվերջ պայքարի» մասին հավաստիացումների եւ իշխանությանը տրվող հուզական բնորոշումներին, թեկուզ եւ դրանց ճնշող մեծամասնության լիովին արդարացիությանը:
Հաջողության հեռանկար ունենալու համար պետք է ունենալ անհաջողությունը, անարդյունավետությունը, իսկ որոշակի դիմակայության դեպքում նաեւ սեփական պարտությունն ընդունելու կամք, համարձակություն, բարդույթներից ձերբազատվածություն եւ մեթոդաբանական կրեատիվություն ու հեռատեսություն:
Սեփական պարտություն, անհաջողություն, անարդյունավետություն ընդունելը պատվախնդրություն է, արժանապատվություն, ոչ թե հակառակը: Դա թույլ է տալիս դուրս գալ որեւէ հոգեբանական կամ մտակաղապարային ծուղակից, դուրս գալ հայկական քաղաքական-քաղաքացիական ճահճի ավանդույթներից եւ պահպանել շարժման վերափոխման հեռանկարներ:
Պետք է լիներ տարկետում, թե ոչ, ճիշտ է իշխանության նախաձեռնությունը, թե իրավացի էին ուսանողները, այդ ամենը գործնականում դառնում է ըստ էության ժամանակավրեպ հարց, եւ ներկայում նոր իրավիճակ է, ըստ այդմ ուսանողները ունեն նոր իրավիճակի համար իրենց դիրքորոշումը մշակելու խնդիր:
Նախ, աներկբա է հայտարարված հացադուլի դադարեցումը առանց «դեմքը պահելու» վերաբերյալ ավելորդ մտորում-սեթեւեթանքի տրվելու: Երիտասարդությունն արդեն դեմք է, որը չունի պահելու կարիք եւ ունի սխալների իրավունք: Կարեւորը, որ դրանք չլինեն ճակատագրական՝ թե երիտասարդների, թե հանրային ու պետական շահի համար: Աներկբա է ուսումնական գործընթաց վերադառնալու անհրաժեշտությունը: Դրանից բացի, ուսանողներին անհրաժեշտ է կողմնորոշվել՝ շարունակու՞մ են նրանք քաղաքացիական ակտիվ գործունեությունը պաշտպանական համակարգի եւ գիտության խնդիրների լուծման ուղղությամբ, թե ոչ: Ընդ որում, այստեղ նույնպես այո-ն կամ ոչ-ը որեւէ չափորոշիչ չեն արժանապատվության կամ պատվախնդրության առաջ:
Խնդիրն ընդամենն այն է, որ այո-ի դեպքում անհրաժեշտ է անցնել երկարատեւ ռազմավարության մշակման, որի հիմքում պետք է լինի ոչ թե իշխանության հետ ակտիվ կամ պասիվ դիմակայության տրամաբանությունը, այլ գիտական կամ պաշտպանական համակարգի վերաբերյալ մոտեցումների, տեսլականի մշակումը եւ այդ տեսլականի հնարավորինս հանրայնացման խնդիրը, պաշտպանական եւ գիտական համակարգերի զարգացման շուրջ բանավեճային օրակարգի ձեւավորումը:
Առավել եւս, որ իշխանությունը հայտարարել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի մասին: Կարո՞ղ է ուսանողությունը այդ գործընթացում ապահովել հանրային սուբյեկտություն, ի դեմս իր ռազմավարության եւ տեսալականի, թե՞ ոչ:
Հանրային սուբյեկտությունն աղմուկ առաջացնելը չէ, այլ միտք, բովանդակություն ձեւավորելը, որն իր մեջ կներառի Հայաստանի անվտանգային, պաշտպանական խնդիրների եւ քաղաքացիական, գիտա-կրթական հեռանկարների առավելագույն համադրության խնդիրը, հայկական պետականության քաղաքական-քաղաքակրթական փաթեթի ձեւավորման հեռանկարով:
Դա ավելի շատ պահանջում է անաղմուկ ու տեւական աշխատանք, որի ձայնը հետագայում լինում է ավելի հնչեղ:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am