Lragir.am-ը գրում է.

Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի, կամ այլ կերպ տարկետման չեղարկման օրինագիծ որակումով հայտնի դարձած օրենքի ընդունումը դրա հեղինակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դիմավորեց Միացյալ Նահանգներում: Օրինագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը, որն առաջինի պես թեժ չէր, անցավ առանց Վիգեն Սարգսյանի: Նոյեմբերի 12-ին նա մեկնել էր ԱՄՆ, որտեղից էլ Կանադա՝ ՄԱԿ խաղաղարար համաժողովին մասնակցելու համար:
Այդ հանգամանքը պարունակում է բավական ուշագրավ ասոցիացիաներ, տարիների վաղեմության իրադարձությունների հետ: Դրանց մասին գրառում էր արել Թաֆթ համալսարանի եւ Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որը ԱՄՆ հետազոտական նպատակով կատարած այցի ընթացքում հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդի հետ:
Քաղաքագետը հիշել էր 2001 թվականին Ռամսֆելդի այցը Հայաստան, նաեւ ԱՄՆ ռազմական նախաձեռնություններին Հայաստանի ցուցաբերած աջակցությունը, այդ կապակցությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարի այցի ընթացքում քննարկումները Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, որոնց մասնակցել է նրա օգնական Վիգեն Սարգսյանը: Ըստ քաղաքագետի, Ռամսֆելդը հիշել է այդ հանգամանքը:
2001 թվականի դեկտեմբերին Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը այցելեց Հայաստան: Սեպտեմբերի 11-ի ահաբեկությունից հետո ԱՄՆ-ն սկսում էր ռազմա-քաղաքական մեծ արշավ դեպի արեւելք:
Սեպտեմբերի 11-ից հետո հայկական մամուլում աղմուկ հանեց մի լուսանկար, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը Սեւանում ջրային մոտորանավակ էին քշում: Պուտինը առաջին պետական այցով Հայաստան ժամանեց 2001 թվականի սեպտեմբերի 14-ին, Նյու Յորքի ահաբեկությունից երեք օր անց: Հայկական մամուլում անպատեհ էին դիտարկում Նյու Յորքի ահաբեկության ֆոնին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների այդ ժամանցը:
Երկու ամիս անց Հայաստան էր այցելել Դոնալդ Ռամսֆելդը, ով Հայաստանում քննարկել էր ԱՄՆ ռազմա-քաղաքական արշավի աջակցության խնդիրներ: Միամիտ կլինի ասել, թե այդ քննարկումները եղել են առանց Ռոբերտ Քոչարյանի գիտության: Առավել եւս, որ Ռամսֆելդը այդ այցի ընթացքում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ նրա ասուլիսը տեղի է ունեցել հենց Բաղրամյան 26-ի նախագահի նստավայրում: Սակայն արդյոք սեպտեմբերի 11-ից մի քանի օր անց Պուտինի հետ ժամանցային լուսանկարը Քոչարյանի հանդեպ որոշակի անվստահություն էր առաջացրել ԱՄՆ վարչակազմի մոտ, ինչով էլ պայմանավորված՝ Սերժ Սարգսյանը դիտարկվել էր գործընկեր եւ զրուցակից ոչ միայն զուտ պաշտոնի բերումով:
Համենայն դեպս, ԱՄՆ ռազմա-քաղաքական ծրագրերին Հայաստանի աջակցության գործընթացը Սերժ Սարգսյանի համար դարձավ քաղաքական կարիերայի առաջընթացի առանցքային գծերից մեկը, ի դեմս Իրաքի եւ Աֆղանստանի խաղաղապահ առաքելություններին Հայաստանի զորախմբի մասնակցության:
Դրանք այդ տարիներին դարձան խորհրդարանական բավական բուռն եւ թեժ քննարկումների առարկա, եւ թերեւս խիստ հատկանշական դրվագ է այն, որ այդ մասնակցությանը դեմ էր Արդարություն ընդդիմադիր դաշինքը, իսկ ահա իշխանությանը կոշտ քննադատության ենթարկող մյուս ընդդիմադիր ուժը՝ Արտաշես Գեղամյանը, հանդես էր գալիս կողմ, համարելով, որ դա բխում է Հայաստանի պետական շահից:
Ահա այդ ոչ վաղ անցյալի պատմության ֆոնին խորհրդանշական է դառնում ներկայում Վիգեն Սարգսյանի այցը ԱՄՆ եւ Կանադա, մասնակցությունը ՄԱԿ խաղաղարար համաժողովին: Մինչ այդ Վիգեն Սարգսյանը Երեւանում հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանին, ով հոկտեմբերի 27-ին այցելել էր ՊՆ, աղմկահարույց օրենքի առաջին ընթերցման թեժ շրջանում: ԱՄՆ դեսպանի այցի ընթացքում քննարկված հարցերի թվում է եղել խաղաղապահների թեման եւ դրանում նաեւ բավականին ուշագրավ ձեւակերպում՝ «հաջորդ տարիներին միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման հեռանկարները»: Թե ինչ կոնկրետ հեռանկարներ է պարունակում այդ ներգրավումը, դեռեւս պարզ չէ, սակայն հատկանշական է, որ ԱՄՆ հետ խաղաղապահ հարթության վրա ռազմա-քաղաքական գործակցության բաղադրիչը դառնում է Վիգեն Սարգսյանի քաղաքական կարիերայի մեկնակետերից մեկը:
Մի քանի օր անց էլ ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում բացվեց խաղաղապահների ԶԱՌ ուսումնական կենտրոնը, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունն էլ զուրկ չէր մի նուրբ ձեւակերպումից՝ «ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապագայում «ԶԱՌ» ուսումնական կենտրոնն ավելի է զարգանալու. քննարկվում է տարածքում խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման և ներուժի ավելացման լրջագույն կենտրոն ստեղծելու ծրագիրը»:
Առանձնահատուկ ուշադրության արժանի է «Խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման» կենտրոնի հեռանկարի մասին հայտարարությունը: Ի՞նչ խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման մասին է խոսքը: Արդյոք ՄԱԿ, ՆԱՏՕ հովանու ներքո խաղաղապահ ուժերի եւ ՀԱՊԿ խաղաղապահների «ներդաշնակեցման» կենտրոնի մասին:
Փաստացի ստացվում է, որ Հայաստանում ամերիկյան աջակցությամբ ձեւավորվում է «ներդաշնակեցման» կենտրոն: Հազիվ թե Վիգեն Սարգսյանը հայտարարեր խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման կենտրոնի մասին, եթե չունենար ԱՄՆ կողմում այդ հայտարարության ընկալման համոզում:
Գործնականում իհարկե տողատակը ռազմա-քաղաքական ներդաշնակեցումն է, որ տեղի է ունենում խաղաղապահների հարթության վրա: Հենց այդ հանգամանքն էլ ուշագրավ է Սերժ Սարգսյանի կարիերային ընթացքի հետ իր շոշափելի ներդաշնակությամբ: Ըստ երեւույթին, Վիգեն Սարգսյանի ԱՄՆ եւ Կանադա այցը նրա «թեստավորումն» է, թե կարո՞ղ է արդյոք բարձրացնել այդօրինակ «ծանրաձող»:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am