«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, համենայնդեպս տեղեկատվական մասով, անցել է չափազանց սովորական մթնոլորտում, խիստ ընդհանուր ողջույնի խոսքերի պայմաններում: Սովորաբար այդպիսի դեպքերում կա՛մ իսկապես ոչինչ չկա ընդգծելու, կա՛մ արտաքին շատ սովորականության ներքո քողարկվում է որեւէ առանցքային բովանդակություն:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի առիթը Ռուսաստանում հայկական օրերի մեկնարկն է, եւ այդ իմաստով գուցե կողմերի միջեւ այս փուլում առանձնապես քննարկելիք քաղաքական կամ տնտեսական հարցեր չկան էլ, որոնք պահանջում են նախագահական մակարդակի անդրադարձ:

Այդ իմաստով նաեւ հատկանշական է, որ ողջույնի խոսքում Պուտինը հղում է արել ընթացիկ տարվա մարտին Սերժ Սարգսյանի Մոսկվա այցին՝ ասելով, որ թիմերը ինտենսիվ աշխատում են այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Իհարկե, այս տեսանկյունից հետաքրքիր է, որ մարտից հետո Սերժ Սարգսյանը մեկ անգամ էլ եղել է Ռուսաստանում՝ Սոչիում, օգոստոսի 23-ին, որտեղ հանդիպել է Պուտինի հետ: Եվ այդ հանդիպմանը Պուտինը մարտյան այցին եւ պայմանավորվածություններին հղում չի արել: Սա առավել ուշագրավ է դարձնում նախօրեին հանդիպմանն արված հղումը՝ մի կողմից որպես մեսիջ ազդարարելով, որ մարտին մշակված կամ քննարկված օրակարգը ընթանում է առանց շեղումների, եւ Սարգսյանն ու Պուտինն ընդամենը ճշտել են սլաքները, մյուս կողմից էլ՝ կամա թե ակամա պարունակելով բավականին ուշագրավ քաղաքական մի ենթատեքստ:

Բանն այն է, որ մարտին կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանին ողջույնի խոսքում Պուտինն անդրադարձել էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին եւ կառավարման մոդելի փոփոխությանը ու հայտարարել, որ անցումը, իհարկե, դժվար է լինելու, սակայն հուսով են, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կհաղթահարի անցումային այդ փուլը սահուն եւ կայուն: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան դե ֆակտո նախընտրական այցի ընթացքում քաղաքական պլանների առնչությամբ Ռուսաստանում Սերժ Սարգսյանի ստացած կարեւոր հավանություն կամ քարտ-բլանշ:

Հիշեցնենք, որ այդ այցը խորհրդարանի ընտրության քարոզարշավի օրերին կատարված այց էր: Այդ տեսանկյունից, Պուտինը նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը հղում անելով մարտյան պայմանավորվածություններին, փաստորեն, կամա թե ակամա հղում է անում նաեւ այդ քարտ-բլանշին, այսպես ասած՝ այն թողնում ուժի մեջ:

Ի՞նչ է արժեցել «քարտ-բլանշի» վերահաստատումը Սերժ Սարգսյանի կամ Հայաստանի վրա, երեւի թե պարզ կլինի ավելի ուշ, թեեւ հնարավոր է, որ այստեղ գործ չունենք որեւէ փոխանակման գործարքի հետ, այլ ընդամենը քաղաքական իրողությունների արձանագրման, որ արել է ՌԴ նախագահը: Թերեւս, պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը մոսկովյան այցին ընդառաջ կատարեց ներքին մի քանի քայլեր՝ դրանցով ցույց տալով, որ տիրապետում է իշխանական համակարգին, ձեռք է բերել ներհամակարգային պայմանավորվածություններ ու փոխհամաձայնություններ, իսկ ներքին բաժանարար գծերն էլ լիովին գտնվում են իր վերահսկողության տակ: Ընդ որում՝ այդ քայլերը գործնականում կատարվեցին մինչեւ վերջին պահը, երբ Սերժ Սարգսյանի եւ Պուտինի հանդիպման գրեթե շեմին Երեւանում հանգուցալուծվեց նաեւ ուսանողական այն բողոքը, որ առաջացել էր տարկետման վերաբերյալ օրենսդրական աղմկոտ նախաձեռնությունից հետո, եւ այն բանից հետո, երբ երեկ առավոտյան ԱԺ-ն ընդունեց օրենքը, իսկ փողոցում, այսպես ասած, առաջացել էր լարվածություն եւ փակուղի:

Թեեւ դրա մասշտաբներն ամենեւին այնպիսին չէին, որ իշխանության համար լիներ խնդրահարույց, սակայն, մյուս կողմից, Հայաստանի իրավիճակն անկանխատեսելի է դարձնում ամեն ինչ, եւ ձնագնդի էֆեկտը միշտ կարող է լինել անսպասելի կամ սպասելի: Եվ այդ իմաստով էլ հատկանշական է, որ Պուտին-Սարգսյան հանդիպումից կարճ ժամանակ առաջ Երեւանում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ փոխնախագահի եւ ուսանողների միջեւ, որտեղ ձեռք բերվեց առնվազն միջանկյալ պայմանավորվածություն եւ հանգուցալուծվեց կամ լիցքաթափվեց իրավիճակը:

Բացառված չէ, որ ներքին այդ շարքը գործնականում հնարավորություն է տվել Սերժ Սարգսյանի մոսկովյան հերթական այցը, այսպես ասած, զերծ պահել Հայաստանի համար անցանկալի որեւէ զիջումից կամ գործարքից, եւ Սարգսյանն իր իշխանության խնդիրները այս անգամ կարողացել է լուծել առավելապես իր ուժերով եւ ոչ թե Հայաստանի հաշվին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում