Հայաստանը մշտապես հանդես է եկել ինտենսիվ բանակցությունների օգտին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նոյեմբերի 17-ին իր բրազիլացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ բանակցություններն այլընտրանք չունեն՝ հավելելով, որ այս տեսակետից հայկական կողմը կարեւորում է միջնորդների ջանքերը՝ ուղղված բացառապես խաղաղ կարգավորմանը: Համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ քննարկվել են Ժնեւի, Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի գագաթնաժղովների արդյունքները, ձեռք բերված համաձայնությունների կատարման հնարավորությունները: Ձեռք է բերվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման համաձայնություն Վիեննայում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, հնարավոր է հանդիպումը տեղի ունենա դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին, առայժմ ճշգրիտ օր չի որոշվել

Ինչ վերաբերում է բանակցությունների բովանդակալիության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին, ապա նախարարը հիշեցրեց, որ համանախագահ երկրները կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական մաքսիմալիստական մոտեցումներից: Նրանք կոչ են հանում հաստատել հակամարտությունը խաղաղ լուծելու պարտավորությունը: Արդյոք Ադրբեջանը սա անո՞ւմ է: Նրանք կոչ են անում միջազգային իրավունքի 3 սկզբունքի հետեւել: Արդյոք Ադրբեջանը սա անո՞ւմ է: Կոչ են անում անշեղորեն հետեւել հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրին: Հարգել նախկինում ձեռք բերված համաձայնությունները: Արդյոք Ադրբեջանը սա անո՞ւմ է: Միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասին արդեն շատ տարիներ է խոսվում: Արդյոք Ադրբեջանը համաձայնվո՞ւմ է: Համանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մանդատը: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ եթե անգամ թիվը պաշտոնապես մեծանա, դիտարկում կատարելու հնարավորությունները սահմանափակվեն:

ԱԳ նախարարը նաեւ հիշեցրեց, որ հիմնական սկզբունքների բազմամյա քննարկումներից հետո (Կազանի գագաթնաժողովում) Ադրբեջանը հայտարարեց, որ դա պետք չէ անել: «Այս պատճառով հայտարարությունները եւ գառան մորթիով ներկայանալու փորձերը հաջողություն չեն ապահովի»,- նշեց Նալբանդյանը՝ հիշեցնելով գայլի մասին հայկական ասացվածքը, որի գլխին խաղաղության քարոզ են կարդում: