Չգիտես ինչու մարդիկ մտածում են, որ Հայաստանից արտագաղթողների մեծ մասը գնում են, որպեսզի իրենց երեխաները բանակում չծառայեն ու հիմա էլ նոր օրենքի ընդունման պատճառով արտագաղթը կավելանա:
Նախ, իրականում ավելի հեշտ է երեխային փողով բանակից ազատելը, քանի որ կգտնվի մի անբարոյական զինվորական բժիշկ, ով կհամաձայնվի գումարով մարդ ազատի կամ գոնե ավելի էժան կարժենա փողով ապահով տեղ ծառայություն կազմակերպելը, քան ամբողջ ընտանիքով երկրից գնալը:
Հետո եկեք հիշենք, թե ինչպես ամբողջ աշխարհից հայերը թողեցին իրենց ապահով բնակավայրերը ու ապրիլին եկան կռվի: Ես անձամբ եմ տեսել, թե հազիվ հայերեն խոսող մարդիկ ինչպես են զինվորական համազգեստներով մտնում Արցախ: Այսինքն դրսում ապրողների մեծ
մասը ոչ կռվից, ոչ բանակից չի վախենում: Հա, իհարկե կան մարդիկ, որ սեփական կաշին հայրենիքից թանկ են գնահատել, բայց դե մեծամասնություն չեն:
Իսկ հիմա ամենակարևորը: Մարդիկ իրականում Հայաստանից արտագաղթել են քանի որ ընտանիքի պահելու խնդիր են ունեցել, մեկին հարկայինն է ստիպել, որ փոքր բիզնեսը փակի, մյուսը չի կարողացել իր գիտելիքներին համապատասխան աշխատանք գտնի, մեկ ուրիշը չի կարողացել հարմարվել այն մտքի հետ, որ ինչ-որ մեկի սիրածը կարող է պաշտոն ունենա ու մարդկանց վրա մունաթ գա: Արտագաղթելու իրական պատճառները շատ են, որտեղ բանակում չծառայելը երևի վերջին տեղում է: