Երբ ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, հիմա Հաղթանակի զբոսայգու հարեւանությամբ գտնվող տարածքներն իսկապես կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ քիչ առաջ հնչեցրած տեսակետին, թե Հաղթանակի զբոսայգուց բացի այլ տարածքներում ավելի շքեղ դղյակներ կան:

«Բացառված է, որ այնտեղ լինի որեւէ հողակտոր, որեւէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա»,-հավելեց նա՝ կատակով հավելելով, որ դրանք կարելի է տուրիզմի կոնցեպտի մեջ մտցնել, որը մեծ օգուտ կտա զարգացմանը:

«Մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող են իրեն էնտեղ որպես գիդ նշանակել»,- նշեց նա։