Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 20-ին ժամանել է Երեւան: Օդանավակայանից նա ուղեւորվել է Ծիծեռնակաբերդ համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լավրովը Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ, հանդես եկել դասախոսությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանում Լավրովը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ -«Երկկողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ արտաքին քաղաքականության փոխգործակցությունը` ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ հարցերով, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, ՍՏՀԿ եւ այլ միջազգային համաժողովների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:

Արտաքին գործերի նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները», - նշել էին Ռուսաստանի ԱԳՆ-ից։