«Ժողովուրդ» թերթը գրում է. « Վանաձորի ավագանու շուրջ վերջին զարգացումներն անակնկալ անվանելը միամտություն կլինի: Առավել մեծ անակնկալ էր, որ «Հայկական վերածնունդ» կուսացությունը, նույն ինքը «Օրինաց երկիրը», ընդդիմադիր կերպարի մեջ կարողացավ մնալ ԱԺ ընտրություններից հետո այսքան երկար՝ մոտ կես տարի:

Նրանք այլեւս քաղաքական համագործակցության հուշագիր են ստորագրել իշխող ՀՀԿ-ի հետ՝ դրա դիմաց ստանալով Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը: Հիմա Վանաձորի ավագանու նիստերին քվորում կապահովվի:

Բայց որքան էլ անվանափոխված ՕԵԿ-ի՝ Վանաձորի ավագանու անդամների նիստերին մասնակցելն օրինական դարձնի այդ մարմնի ներկա գործունեությունը, միեւնույն է՝ դրանից խնդրի էությունը չի փոխվի, եւ նախորդ՝ ավելի քան մեկ տարվա անգործությունը եւ հակասահմանադրականությունը չի վերանա:

Իսկ երբ ՍԴ-ի հայտնի որոշումը 2018 թվականի մարտի 31-ից ամբողջությամբ սկսի գործել, Վանաձորի ավագանու՝ մինչեւ այս տարվա նոյեմբերի 10 կայացրած որոշումները ուժը կորցրած կճանաչվեն: Արդյունքում, կստացվի, որ Վանաձորի ավագանին ձեւավորման պահից՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ից, չի գործել, քանի որ ավագանու գործունեությունն արտահայտվում է որոշումներով: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը պարտադրված կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել, իհարկե, եթե մինչ այդ արդեն ընտրություններ նշանակված եւ անցկացված չլինեն:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ վերջերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանը խոստացել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունների ավարտից հետո՝ եկող տարվա ապրիլին, Արթուր Բաղդասարյանին նշանակել ՍԴ նախագահ: Կկատարի՞ իր խոստումը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում