ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չափից ավելի լավատես չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորման հարցում: Նոյեմբերի 21-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Լավրովը հիշեցրեց, որ Բաքու այցի ժամանակ արդեն նշել է կարգավորման համար անհրաժեշտ բոլոր բաղկացուցիչների առկայության մասին: Լավրովի խոսքով՝ այս տարրերը պահ են տրված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, դրանք բանակցությունների սեղանին են ամբողջ հանրագումարով: Բաղկացուցիչները ձեւավորված են փաթեթում, եւ դժվար է վերցնել մեկը, երկուսը կամ երեքը ու դրա հիման վրա պայմանավորվել: Սերգեյ Լավրովը նշեց, որ այդ դեպքում հավասարակշռող տարրերը դուրս կմնան, եւ անհրաժեշտ արդյունք չի լինի:

Նրա խոսքով՝ արդեն լավ է, որ նախագահները դրական են արտահայտվել Ժնեւի հանդիպման արդյունքների վերաբերյալ: Սակայն կարեւոր է, որ դա օգնի առաջ ընթանալ, հավելեց Լավրովը: Նա նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսական համանախագահությունը հիմա ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ կվերլուծի, թե իրավիճակն ուր է հասել: Սակայն դրա հետ մեկտեղ ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց, որ չափից ավելի լավատեսություն չէր արտահայտի: Խնդիրը դաժվարին է, եւ բանակցություններն արագ չեն ավարտվի, արձանագրեց Սերգեյ Լավրովը: