Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը աճում է, իսկ թուլացման նշանները դեռ չեն երեւում, ինչն էլ թուրքական իշխանություններին ծանր դրության մեջ է դրել։

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության աճը սկսվեց Սիրիական հակամարտության սկսվելուց հետո, երբ Թուրքիան, փորձեց ստեղծված իրավիճակն օգտագործել իր շահերի համար՝ Սիրիայում Թուրքիային հավատարիմ սունի ուժերին իշխանության բերելու նպատակով։ Այդ համատեքստում Թուրքիան խոշոր ֆինանսական եւ ռազմական աջակցություն է ցուցաբերելով տարբեր ահաբեկչական կազմակերպությունների։

Սակայն ԱՄՆ-ը Արեւելքում իր քաղաքականությունը կառուցելու ճանապարհին չի կարող հանդուրժել Թուրքիայի ինքնուրույն եւ ԱՄՆ քաղաքականությանը հակասող քայլերը, որոնք էլ ստիպեցին ԱՄՆ-ին որոշակի քայլերի դիմել։

Այդ ընթացքում Թուրքիայում տեղի են ունենում «Մեծ կաշառք» անունը ստացած լայնածավալ գործողությունները։ Իրավապահների թիրախում են հայտնվում Էրդողանի որդին, նախարարներ, նախարարների որդիներ եւ խոշոր գործարարներ։ Էրդողանին որդին եւս թիրախում էր, բայց Էրդողանին հաջողվում է որդուն ժամանակավոր դուրս հանել երկրից։ Սակայն ձերբակալվում է նաեւ Էրդողանի մտերիմ գործարարներից Ռեզա Զարրաբը, ով մեղադրվում էր ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները խախտելու եւ միլիարդավոր դոլարների հասնող մաքսանենգության եւ կոռուպցիոն գործարքների մեջ։ Էրդողանին հաջողվում է որոշ ժամանակ անց Ռեզա Զարրաբին ազատել, սակայն գործը սրանով չի ավարտվում, քանի որ Ռեզա Զարրաբը հայտնվում ԱՄՆ-ում եւ ձերբակալվում գրեթե նույն մեղադրանքով եւ դեռեւս գտնվում է կալանքի տակ ԱՄՆ-ում։

Ռեզա Զարրաբի ձերբակալությունը խիստ ծանր դրության մեջ է դրել թուրքական իշխանություններին, քանի որ արդեն կասկածներ կան, որ Զարրաբը «ծախել» է Էրդողանին եւ մյուս թուրք պաշտոնյաներին։ Սա թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության աստիճանի ավելացում է, որը դեռ ծավալվելու միտում ունի։

«Մեծ կաշառք» գործողություններից հետո Էրդողանը սկսեց գործողության հեղինակների՝ դատաիրավական համակարգի աշխատողների դեմ որսը։ Պարզվեց, որ նրանք բոլորը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ են, իսկ աչքի ընկնող հանգամանքն այն էր, որ Ֆեթուլլահ Գյուլենը ապրում է ԱՄՆ-ում։

Դրանից հետո Թուրքիայում մի խումբ բարձրաստիճան զինվորականները ռազմական հեղաշրջման փորձ են իրականացնում, որը Էրդողանին հաջողվում է տապալել։ Թուրքիայի համար անհանգստացնող փաստն այն է լինում, որ հեղաշրջման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլնեի կողմնակից զինվորականները կարողանում են հանգիստ տեղավորվել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, իսկ արտահանձնելու պահանջները ուղղակի անտեսվում են։ Այս հանգամանքը Թուրքիայի որոշ շրջանակների հիմք է տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ը աջակցել է հեղաշրջման փորձին, մանավանդ, երբ հեղաշրջման փորձի թիվ մեկ մեղադրյալ Ֆեթուլլահ Գյուլենը ԱՄՆ-ում է, եւ ԱՄՆ-ը որեւ է կերպ չի մտածում նրան արտահանձնել Թուրքիային, չնայած թուրքական իշխանությունները բազմաթիվ դիմումներ են հղել ԱՄՆ։

Իսկ տարածաշրջանային զարգացումներում Թուրքիային ամենածանր հարվածը եղել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին աջակցությունը։ Այդ աջակցության շնորհիվ քրդերը կարողացան Թուրքիայի սահմանի երկայնքով ինքնավար հատվածներ ստեղծել։ Թեեւ Թուրքիան ԱՄՆ-ին բազմիցս հայտնել է, որ Սիրիայի քրդերի PYD կուսակցությունը դա ահաբեկչական PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցության) սիրիական թեւն է եւ այն եւս ահաբեկչական է, սակայն ԱՄՆ–ը մինչ այժմ բանի տեղ չի դնում Թուրքիայի հորդորները եւ շարունակում է ռազմական ու ֆինանսական օգնությունը PYD-ին։ Թուրքիան խիստ անհանգստանում է երկրի հարավում եւս նոր քրդական ինքնավարության եւ հետագայում պետության առաջացմաբ։ Եւ ստիպված է լինում ՌԴ-ի համաձայնությամբ Սիրիայում իրականացնել այսպես ասած «Եփրատի վահանը» գործողությունը, որի ժամանակ թուրքական ուժերը ԻՊ-ից վերցրեցին որոշ տարածքներ։ Թուրքիան վախենում էր, որ քրդերը ԻՊ-ից կգրավեն այդ տարածքը եւ ինքը փորձեց առաջ անցնել քրդերից ու թույլ չտալ, որ դրանք անցնեն PYD–ի վերահսկողության տակ։

Այսինքն, Թուրքիան փորձում է ԱՄՆ–ի հետ հարթել 3 խոշոր խնդիր՝ Ռեզա Զարրաբի ազատ արձակման, Գյուլենի արտահանձման եւ Սիրիայի քրդերին աջակցության դադարեցման։ Ինչպես վերը թվարկվեց, ԱՄՆ–ը սրանցից որեւէ մեկի հարցով այս պահին չի գնում զիջումների, ինչն էլ թուրք–ամերիկյան հարաբերություններում լարվածության մեծ չափաբաժին են ապահովել։

ԱՄՆ–ը Թուրքիայի դեմ իրականացրեց մի քանի պատժիչ քայլ՝ ձերբակալվեցին դեռեւս մայիսին Էրդողանի ամերիկյան այցի ժաանակ քուրդ ցուցարարներին ծեծած Էրդողանի թիկնապահները եւ Թուրքիայի տարածքում կասեցվեց ԱՄՆ վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին։ Լարվածությունը թուլացնելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ոչ մի խնդիր չի կարողանում լուծել եւ ձեռնունայն վերադառնում է։

Այս ամենը խիստ ծանր դրության մեջ է դրել Էրդողանին, ով հույս ուներ, որ Թրամփի ընտրվելուց հետո թուրք–ամերիկյան հարաբերություններում բեկում կմտնի։ Սակայն Օբամայի օրոք Թուրքիայի համար ստեղծված ամերիկյան խնդիրները սրվեցին հենց Թրամփի օրոք։ Էրդողանը անելանելի վիճակում է հայտնվել, քանի որ ՆԱՏՕ–ի անդամ հանդիսացող Թուրքիան խնդիրներ ունի ՆԱՏՕ–ի գլխավոր անդամի հետ, իսկ ՌԴ–ի հետ սկսած C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գործարքը ոչ միայն ԱՄՆ–ին ստիպում է թուլացնել լարվածությունը, այլ նոր գործիքներ բանեցնել Թուրքիայի նկատմամբ։

Էրդողանը նաեւ լավ է գիտակցում, որ ՌԴ–ն ՆԱՏՕ–ի թշնամի երկիր է հանդիսանում, եւ Պուտինը դժվար թե մոռանա Սիրիայում Թուրքիայի կողմից ռուսական կործանիչը խոցելը։ Այսինքն, Թուրքիային եւս պարզ է, որ ՌԴ–ն այլեւս վերապահումով է մոտենալու Թուրքիայի հետ «բարիդրացիական» հարաբերություններին, ինչն էլ ստիպում է Էրդողանին ստեղծված իրավիճակից ելք փնտրել։