Երեկ Սերժ Թանկյանի պրոդյուսինգային խումբը՝ VIZA-ն, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը եւ «Գրեմմի» դափնեկիր Capital Cities խմբի մեներգիչ Սեբուն համերգ տվեցին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգին ելույթ ունեցավ նաեւ Սիրուշոն՝ Սեբուի հետ կատարելով հայտնի՝ «Վույ աման» զուգերգը:

Ելույթից հետո Սիրուշոն եւ Սեբուն լրագրողներին պատմեցին համերգից ստացած տպավորությունների մասին։

«Սեբուն շատ տաղանդավոր երաժիշտ է, ուրախ եմ, որ հայ հանդիսատեսը առիթ ունի շփվելու նրա հետ։ Ես ելույթից առաջ էլ նրան ասում էի՝ կտեսնես, թե որքան ջերմ է հայ հանդիսատեսը»,- ասաց Սիրուշոն, որը վերջին շրջանում Երեւանում համերգների է մասնակցում որպես հրավիրված արտիստ։

Հարցին, թե ցանկություն չունի՞ Երեւանում հանդես գալ մենահամերգով, Սիրուշոն ասաց՝ ունի, բայց դեռ ժամանակը չէ.

 «Հուսով եմ՝ մենահամերգի առիթ կունենամ, բայց դեռ չի ստացվում։ Գուցե պատճառն այն է, որ պետք է վստահ լինեմ, որ դա ամենալավ համերգն է լինելու։ Ցավոք, ժամանակը չի բաշխվում ճիշտ կերպով, դրսից շատ եմ հրավերներ ստանում։ Մի քանի օրից Ավստրալիայում համերգ ունեմ, հետո՝ Լիբանանում, եւ այդպես շարունակ»։

Ի՞նչ զգացողություններ է ունենում Սիրուշոն Երեւանում ելույթ ունենալիս.

«Շատ հաճելի է, հուզվում եմ, երբ նայում եմ հանդիսատեսի աչքերին։ Ասես ընտանիք դարձած լինենք, քանի որ բոլորի աչքի առաջ եմ մեծացել, բոլորը ծանոթ են ինձ, իմ երգերին»,-խոստովանեց Սիրուշոն։

Սեբուն եւս ուրախ է, որ առիթ ունեցավ ծանոթանալու հայ հանդիսատեսի հետ.

 «Շատ ուրախ եմ, շատ ջերմ էր ժողովուրդը, հուսով եմ՝ սիրեցին համերգը։ Ինձ համար կարեւորը հայ հողի վրա լինելն է։ Հույս ունեմ, որ էլի առիթներ կունենամ Հայաստան գալու»,- նշեց նա՝ հավելելով, որ արդեն մեկ շաբաթ է հայրենիքում եւ դեռ մի քանի օր էլ կմնա։

Նյութի աղբյուրը`  NEWS.am