«Քաղցկեղը սարսափելի բան է: Եթե մեկ ներարկումով հնարավոր է պաշտպանվել թեկուզ մեկ տարատեսակից, ապա արժե պատվաստվել»,-այսօր «Ելակետ» ակումբում նման կարծիք հայտնեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն՝ անդրադառնալով առաջիկայում մեկնարկող՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներին: Մկրտչյանն ասաց, որ 20 տարի առաջ իր 43-ամյա կինը արգանդի պարանոցի քաղցկեղից է մահացել, եւ եթե մոտ 30 տարի առաջ գոյություն ունենար պատվաստանյութը, կինը հիմա ողջ կլիներ:

Նախկին նախարարի խոսքով՝ պապիլոմա վիրուսը, մարդու օրգանիզմում լինելով, որոշ ժամանակ հետո փոխակերպվում է քաղցկեղի. «Երկրագնդի վրա տարեկան 470 հազար դեպք է արձանագրվում արգանդի վզիկի քաղցկեղի, որից 65-70 տոկոսը մահվան ելքով են ավարտվում: ՀՀ-ում տարեկան միջինում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի մոտ 250 առաջնային դեպք, որոնցից 60 տոկոսը մահաբեր են: Ընդհանրապես, մեր երկրում պարբերաբար գրբացները, բախտագուշակները և փրկիչները շատանում են»:

Ա. Մկրտչյանն ասաց, որ ոչ ոք չի կարող բերել գիտական հետազոտության արդյունքներ, որոնք անմիջականորեն ցույց են տալիս պապլիոմա վիրուսի դեմ պատվաստման և անպտղության կապը. «Պատվաստումներն այս հիվանդության դեմ սկսվել են 2007 թվականից, ընդամենը 10 տարվա ընթացքում անհնար է հստակ կապ գտնել պապիլոմա վիրուսի պատվաստման և անպտղության դեպքերի միջև»:

Նրա խոսքով՝ ցանկացած պատվաստում առաջացնում է բարդություն. «Այս պատվաստանյութի հետ կապված միակ բարդությունը ներարկման ցավն է, թուլությունը, գլխապտույտը, սրտխառնոցը և այլն: Դա այն սիպտոմներն են, որոնք 1-2 օրից վերանում են: Դրանք բնորոշ են նաև բոլոր պատվաստանյութերին»:

Դիտարկմանը, թե՝ այդ պատվաստման ընդդիմախոսները խոսում են դրա պատճառով նյարդային ամենատարբեր խնդիրների առաջացման, գենետիկ ֆոնի փոփոխությունների մասին, նախկին նախարարն այսպես արձագանքեց. «Եթե նման հետևանքներ ունենային, տարբեր երկրներում անմիջապես կդադարեցնեին, բա ինչո՞ւ են շարունակում»:

Անդրադառնալով պատվաստանյութի կիրառման վերաբերյալ հնչած տարբեր քննադատություններին և հակափաստարկներին՝ Ա. Մկրտչյանն ասաց, որ բոլոր հայտնագործություններ էլ քննադատվել են սկզբում. «Երբ ասել են՝ երկրագունդը կլոր է, պտտվում է իր առանցքի շուրջ, ասել են՝ «էդ ի՞նչ եք ասում, այրեք սրանց, վերացրեք», բայց մեկ է, երկրագունդը կլոր է, պտտվում է իր առանցքի շուրջ, պատվաստումները միշտ արվել են, հակաքարոզչությունն արվել է, կասկածամտությունը եղել է, բայց մարդիկ փրկվել են, առողջ են մնացել: Դուք չեք պատկերացնի՝ ինչքան կյանքեր են փրկվել դրանց շնորհիվ: Ես իմ կնոջը կորցրել եմ քաղցկեղի պատճառով, հիմա անձնական օրինակի վրա բերե՞մ: Եթե պատվաստանյութ լիներ, ես իմ կնոջը չէի կորցնի:

Տեսանյութը՝ այստեղ