ԱԺ-ում մեկնարկել է տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ բողոքող ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ կլոր սեղան-քննարկումը:

Հիշեցնենք, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հանդիպումը տեղի է ունենալու Ազգային ժողովում՝ բանավեճի ֆորմատով, ապահովելու են ուղիղ եթեր։

Բանավեճին երկու կողմն էլ կունենա 5-ական ներկայացուցիչ, Էդուարդ Շարմազանովը կվարի բանավեճը, իշխանական թեւից հանդիպմանը ներկա կլինեն պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հաոբյանը եւ կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։

Հիշեցնենք՝ զինծառայության մասին օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Ըստ այդ օրինագծի, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն երիտասարդները, որոնք պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով, բայց որպես սպա: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։