Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներկայացնելու Օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում՝ ներկայացնել հստակ հիմնավորումներ:

Վարչապետը նաև հանձնարարեց մեկամսյա ընթացքում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի 2018 թվականի տարեկան գործողությունների շրջանակում կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով կառավարության կողմից հաստատված միջոցառումները և գերակա խնդիրները։

«Հատուկ ուշադրություն դարձրեք սրան, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամն ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ: Քանի որ պատվիրատուն մենք ենք, ստեղծել ենք մի օղակ, որը պետք է բոլոր այդ ռիսկերը գնահատի, համապատասխան վերլուծություն տա և մենք որոշենք՝ ճիշտ ուղղությամբ ենք, թե ոչ»,-ասաց նա: