«Գարդասիլի կիրառությունն սկսվել է 2006 թվականից։ Հայաստանում 10 տարի է արդեն այն գրանցված է ու կիրառվում է։ 2000 հոգու գարդասիլ պատվաստվել է արդեն։ Այն ներդրվել է, որ մարդիկ ոչ թե 50 հազար դրամ տան պատվաստվեն, այլ դա անեն անվճար։ Երբ ես ունեցա աղջիկ ու սկսեցի պատվաստումները, ես տեսա, որ վիրուսի դեմ պատվաստում չկա։ Որոշել եմ՝ ես նույնպես աղջկաս անելու եմ պատվաստում, որ զերծ լինի արգանդի վզիկի քաղցկեղից»,-այսօր Ելակետ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց բժիշկ Արսեն Թորոսյանը։

Հարցին` ինչո՞վ է պայմանավորված պատվաստումների դեմ բարձրացված աղմուկը, բժիշկը պատասխանեց. «Նախ նշեմ, որ աղմուկ բարձրացնողների մեծամասնությունը Հայաստանում չեն բնակվում, եւ ստացվում է այնպես, որ աղմուկ է բարձրացվում նրա համար, որ մենք կանխում ենք կնոջ մահ, եւ հասկանալի է, թե ինչի համար է աղմուկ բարձրացվում, այսինքն` ստացվում է, որ մենք ուզում ենք, որ մարդիկ մահանան»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից` հրապարակախոս, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը կարծում է` «Ցանկացած պատվաստում ունի կողմնակի ազդեցություն, դեղորայքը, երբ ներարկվում է օրգանիզմ, հաճախ այն օրգանիզմից դուրս չի գալիս, կուտակվում է եւ արդյունքում կարող է առաջացնել մեկ այլ հիվանդություն, եւ մասնագետը, որը կատարում է այդ պատվաստումները չի ընկալում, որ ինքը պատճառ է դառնում նոր հիվանդության ստեղծման»:

«Կնոջ մահը երկրի անվտանգության հարց է, մենք ո՞նց կարող ենք դրան դեմ լինել։ Պատվաստումներն ամբողջ բժշկության մեջ համարվում են ամենաանվտանգ միջամտությունները», -ասաց բժիշկը, հավելելով, որ պատվաստումների շնորհիվ աշխարհում վերացել են հիվանդություններ, որոնցից մահանում էին միլիոնավոր մարդիկ։