Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով այս պահին Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին, քիչ առաջ ժամանել է գագաթնաժողովի անցկացման վայր:

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՀՀ նախագահը լուսանկարվել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գագաթաժողովը, որը նպատակ ունի առավել խորացնել կապերը ԵՄ-ի եւ «Արեւելյան գործընկերության» 6 երկրների, այդ թվում Հայաստանի միջեւ: Այս գագաթնաժողովի հիմնական գլխավոր իրադարձությունը Հայաստանի հետ կնքվող Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրն է: Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները տեւել են շուրջ երկու տարի, այն նախաստորագրվել էր այս տարվա մարտին: Սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն այսօր Բրյուսելում:

Նախաստորագրված համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո փորձագիտական շրջանակները դրականորեն են արձագանքել փաստաթղթին, սակայն որոշակի շրջանակների կողմից մտավախություն կար, որ այն հնարավոր է չստորագրվի: Թե ՀՀ իշխանությունները, թե Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը վստահեցրել էին, որ, անկասկած, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը ստորագրվելու է։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ էին սկսվել 2010 թվականի հուլիսին, որը ներառում էր նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծում, սակայն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին եւ հրաժարվել ԵՄ հետ է համաձայնագիր կնքել: Այդուհանդերձ, 2015-ին ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ նորից բանակցություններ սկսեցին՝ արդեն նոր համաձայնագիր կնքելու շուրջ: