Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ընդունված հռչակագիրը վիզայի ռեժիմի ազատականացման հարցի մասին հստակ նշում են, որ կան որոշակի պայմաններ, որոնք պետք է կատարվեն ազատականացման համար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորություններին։

«Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ երկու կողմում էլ ունենք այն հանձնառությունը, որը կարող է տանել վիզայի ռեժիմի ազատականացման։ Վիզայի ռեժիմի ազատականացումը իրավունք չէ, այն առավելություն է»,-ասաց նա:

Նրա փոխանցմամբ, այդ նպատակով իրավական, վարչական եւ ինստիտուցոնալ կարգավորումները պետք է իրականացվեն։ «Իսկ դրանք դեռ պահանջում են երկար աշխատանք եւ եվրոպական մտածելակերպ»,-նշում է նա։

Խոսելով ժամկետների մասին, նա նշեց, որ չի կարող հստակ ժամկետներ նշել, բայց կարծում է, որ մինչեւ 2020 թվականը վիզայի ռեժիմի ազատականացումը կլինի ակնկալվող 20 արդյունքներից մեկը։