Վերջին շրջանում մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները օտար ափերում են բնակություն հաստատում։ Անձնական կյանք, կարիերիա, թե մի այլ հանգամանք, կարևոր չէ։

Թվում է, թե նրանք դրախտ են ընկել․ տեղյակ չենք այն դժվարություններին, փորձություններին, որով անցնում են։ Երբ տեղյակ չենք, ամեն ինչ հրաշալի է թվում։ Ամերիկայում բնակվող հայ երգչուհիներից մեկի հետ զրուցում էի, ասաց՝ երանի, թե ապրեի այնպես, ինչպես դուք եք պատկերացնում։ Նրան խեղդում էր կարոտը․

-Չգիտեի, որ կարոտը պարանի նման կարող է փաթաթվել վզիդ ու խեղդել,- ասում էր նա։ Այն ինչ Հայաստանում անտանելի էր թվում, դառնում է մի քաղցր հուշ։

Մի տեսակ դժվար էի պատկերացնում։ Քիչ առաջ կարդում էի երկար ժամանակ Լոս Անջելեսում բնակվող երգչուհի Անի Քրիստիի մտորումները, ու հանկարծ ինձ համար հասկանալի դարձավ օտարության մեջ ապրողի հուզաշխարհի ներկապնակը։ Շատ գույներ են նրա մեջ պակասում, հոգին ջերմացնող գույներ։ Ահա թե ինչ ասում Անին, ով Երևանում է․

«ԱՄՆ-ում ոչ մի խնդիր չունենք, այստեղ ևս մենք տատիկիս տանը կարող ենք իդեալական հարմարություններ ստեղծել, սակայն տատիկս չի ցանկանում. նա սովորել է իր տանը եւ ինչպես գրեթե բոլոր մեծերը, ինքն էլ չի ուզում իր տանը փոփոխություններ անել: Նրա տունը 12-րդ հարկում է, դե ես էլ այստեղ լինելուս ընթացքում իր տանն եմ ապրում: Պետք է ասեմ, որ լինում են դեպքեր, երբ լույսը կամ ջուրը կտրում են, բայց ես ընդհանրապես դրանում պրոբլեմ չեմ տեսնում: Հավատացեք, եղել է դեպք, երբ ես այստեղ անգամ «կռուշկայով» լողացել եմ եւ դրա մեջ էկզոտիկա եմ տեսել: Ես այն սերնդից եմ, ով շատ լավ գիտի, թե ինչ բան է «կիպյատիլնիկով» ջուր տաքացնել, առանց լույսի նստել եւ այլն․․․» Life.panorama.am:

Սա արդեն ուրիշ բան է, որը քչերը կպատկերացնեն։ Մարդը կարոտում է նույնիսկ «կռուշկայով լողանալը, «կիպյատիլնիկով» ջուր տաքացնել»-ը․․․ Այսինքն այն բաները, որն այստեղ բնակվելուց գուցե զայրացրել կամ չի զայրացրել իրեն․․․ Հեռվից կարոտը թափ է առնում, ուժգնանում։

Վերջերս մեր բանաստեղծուիներից մեկի տանն էի։ Նա լողանում էր «կռուշկայով», հնարավորություն չուներ բաղնիքը կարգավորելու։ Շուրջ բոլորը հայհոյում, բողոքում են, իսկ ինքը սեր է երգում․․․

Նա կարոտում էր երկիրը երկրի մեջ․․․

Դա ավելի մեծ Սեր է, Անի․․․

Նյութի աղբյուրը՝ hraparak.am