«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը նախօրեին տեղի է ունեցել Մինսկում, ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտարարության նախագիծը: Դրանով ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաեւ հայտնի երեք սկզբունքներին, որոնց վրա կառուցվում է այդ ջանքը պաշտոնապես՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում:

Ըստ էության, ՀԱՊԿ-ն ընդամենը կարգավորման ստանդարտի մեջ է, եւ այս տեսանկյունից, իհարկե, շարունակում է առավել հնչեղ մնալ նախորդ տարի դեկտեմբերին ՀԱՊԿ այժմ արդեն նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունը հայկական Չինարի գյուղի դիրքերի հանդեպ ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ, երբ Բորդյուժան այդ առիթով արած հայտարարության մեջ օգտագործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձեւակերպումը: Ղարաբաղյան հարցում, որպես Հայաստանի, այսպես ասած, դաշնակցային ռազմաքաղաքական բլոկ, ՀԱՊԿ ամենաուժեղ քայլը դեռեւս հանդիսանում է Բորդյուժայի այդ հայտարարությունը, թեեւ դա նրա պաշտոնավարման գրեթե վերջին օրերին արած հայտարարություն էր:

ՀԱՊԿ նախագահները մի կողմից տեր չկանգնեցին այդ հայտարարությանը, մյուս կողմից, սակայն, նաեւ չհերքեցին կամ չդատապարտեցին այն: Մինչդեռ Բորդյուժան կիրառել էր բավականին ուշագրավ ձեւակերպում՝ խոսելով Ապրիլյան պատերազմի մասին եւ ասելով, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած, ըստ էության, ճանաչվել էր ոչ միայն Ղարաբաղը, այլ Ղարաբաղը՝ այսպես ասած ներկայիս իր սահմաններով:

Սակայն, սրան զուգահեռ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որի անդամների գերակշռող մասը լինելով դե յուրե Հայաստանի դաշնակից, Հայաստանից ավելի սերտ, այդ թվում՝ ռազմատեխնիկական եւ քաղաքական հարաբերության մեջ են Ադրբեջանի հետ, համենայնդեպս՝ այդպես է եղել մինչեւ այժմ: Եվ այս տեսանկյունից մենք ունենք հայտարարությունների եւ իրավիճակի որոշակի հակասականություն, եւ այդ առումով, իհարկե, ՀԱՊԿ-ից գործնականում ակնկալվում է ոչ թե Մինսկի խմբին աջակցություն եւ Հելսինիկյան ակտի սկզբունքների հիշատակում, այլ պարզապես շատ կոնկրետ ռազմաքաղաքական արձագանք այն դեպքերում, երբ, օրինակ, սպառնալիքներ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին եւ առավել եւս՝ երբ կրակում են Հայաստանի տարածքի ուղղությամբ: Փոխվո՞ւմ է այդ տեսանկյունից ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական բլոկ, թե՞ ոչ: Սա է հարցը:

Մինսկի գագաթնաժողովն այդ առումով թողել է հակասական տպավորություն: Մի կողմից, իհարկե, չկա անմիջական առիթ Հայաստանի վերաբերյալ այդօրինակ ռազմաքաղաքական աջակցության հայտարարություն անելու, եւ միեւնույն ժամանակ, իհարկե, ղարաբաղյան թեմատիկայով արված հայտարարությունը եւս առանձնակի առիթի բացակայության պայմաններում անկասկած հայաստանյան տեսակետի կրկնություն է: Մյուս կողմից, սակայն, գլխավոր հարցը շարունակում է լինել ՀԱՊԿ անդամների հարաբերությունը Բաքվի հետ, հատկապես Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեպքում:

Ռուսաստանը վերջին ամիսներին նկատելիորեն տարածություն է ձեւավորել իր եւ Բաքվի միջեւ, ինչը, իհարկե, ավելի շուտ պայմանավորված է, թերեւս, ոչ թե ցանկության, այլ հնարավորությունների բացակայությամբ: Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը չունի հայերի հանդեպ այնպես վարվելու հնարավորություն, ինչպես մինչեւ ապրիլ: Ռուսաստանի այս վարքագիծն, իհարկե, կարող է որոշակիորեն ազդել նաեւ ՀԱՊԿ վարքագծի վրա, քանի որ այդ կառույցում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարում:

Գլխավոր հարցն այստեղ, իհարկե, այն է, թե ստեղծված իրավիճակը Հայաստանը որքանով կարող է օգտագործել, այսպես ասած, ռազմավարական կամ երկարաժամկետ իրողություններ ձեւավորելու համար, իրավիճակային որոշակի վարքագծային փոփոխությունը ավելի երկարաժամկետ ձեւաչափերի կամ շրջանակների մեջ դնելու համար: Ակնհայտ է, որ, օրինակ, ղարաբաղյան թեմայով հայտարարության մասով Երեւանը կարողացել է օգտագործել իրավիճակը: Սակայն ՀԱՊԿ ռազմավարական պահվածքի առումով հարցերն, իհարկե, մնում են բաց, քանի դեռ չկան վարքագծի առավել երկարաժամկետ փոփոխության նախանշաններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում