«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքների ամփոփման համաժողովի ժամանակ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անհրաժեշտ է համարել ձեւավորել հասարակության անհանդուրժողականություն կոռուպցիայի դեմ։ «Ես ուշադիր ուսումնասիրել եմ նախագահի ելույթը ՀՔԾ-ում եւ հետագա զեկույցում նշված կոռուպցիայի բացահայտումները։ Այնտեղ ներկայացված կոռուպցիայի դեպքերի շարքում կային երկու համալսարանների ռեկտորներ, ինչը շատ ցավալի է։ Հատկապես ուսումնական հաստատություններում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է կարեւորվի»,- նշել է նա։ «Եթե Հայաստանում կան ուսումնական հաստատություններ, որոնցում կոռուպցիա չկա, ապա մեր խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ մյուս ուսումնական հաստատությունները եւս կոռուպցիայից զերծ լինեն»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Թվում է՝ Սվիտալսկու խոսքը կառուցված է ռացիոնալ շեշտադրումների վրա՝ հատկապես, որ նա բարձրացրել է Հայաստանի համար խիստ կենսական բուհական կոռուպցիայի խնդիրը:

Նախօրեին ուշ երեկոյան Սվիտալսկուն ՖԲ իր էջում խիստ արձագանքել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: «Այսօր հերթական անգամ հրապարակվեց բուհական կոռուպցիայի մասին հարցը: Բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր: Շատ անգամներ համբերել եմ եւ չեմ արտահայտվել, բայց այլեւս բավական է. տիկնայք եւ պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ եւ գրանտակերներ, չհամարձակվեք այլեւս ստվեր գցել հայաստանյան համալսարանական հանրության վրա…»,- գրել է պարոն Դարբինյանը:

Նախկին վարչապետի արձագանքում կա մի քանի խիստ ուշագրավ ենթատեքստ: Նախ՝ զարմանալի է այն հանգամանքը, որ Արմեն Դարբինյանը քննադատության թիրախ է դարձնում Սվիտալսկուն, երբ երկու կոռուպցիոներ ռեկտորներին բացահայտել է ոչ թե Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, այլ ՀՔԾ-ն: Խիստ «պերճախոս» ու Դարբինյանի կերպարին ոչ հարիր է նրա ֆեյսբուքյան գրառման բառակազմը: «Գրանտատուներ, գրանտաորսներ եւ գրանտակերներ»՝ այս «գաղափարական» լեքսիկոնը բնորոշ է ռուսական պաշտոնական քարոզչությանը, եւ, անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է, որ Արմեն Դարբինյանին մատուցվել է տեքստ, որը նա տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: Նման վարկածը նույնիսկ հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ նախկին վարչապետը ղեկավարում է բուհ, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Եվ բնավ պատահական չէ, որ Հայաստանի ռեկտորներից առաջինը հենց նա արձագանքեց Պյոտր Սվիտալսկու խոսքին:

Միանգամայն տրամաբանական է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո ռուսները պետք է վայնասուն բարձրացնեին ու իրենց խոսափողների միջոցով առաջին հերթին թիրախավորեին ԵՄ-ին ու նրա ներկայացուցիչներին:

Այսօրվա չեկիստական Ռուսաստանը երկու սյուն ունի Հայաստանը կառավարելու՝ կոռուպցիան եւ գողական, քրեական աշխարհը: Այս երկու գործիքներն էլ ռուսները պինդ պահում են, որպեսզի հանկարծ չկորցնեն վերահսկողությունը Հայաստանի հանդեպ: Ու դեռ մեծ հարց է, թե ով է ավելի մեծ հարված հասցնում Հայաստանին՝ քրեական աշխա՞րհը, թե՞ մտավորականի դիմակի տակ թաքնվող կոռուպցիոներները: Ավելի շուտ՝ Հայաստանում վաղուց վերացել է որակական տարբերությունն այս երկու սեգմենտների միջեւ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում