«Հրապարակ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղափոխվում է նոր շենք։ Այժմ նախարարությունում իրերն են հավաքում։

Բայց նոր շենք կտեղափոխվի ոչ ամբողջ անձնակազմը՝ որոշ ՊՈԱԿ-ներ եւ բաժիններ կմնան հին շենքում, քանի որ նորում այդքան տեղ չկա։ Նոր շենքը կառավարության սպիտակ նորակառույցում է՝ ԱԳՆ-ի, արդարադատության նախարարությանը հարեւան մասնաշենքերից մեկում, որը կառուցվել է հենց այս նախարարության համար՝ դատախազության հարեւանությամբ։

Նշենք, որ նորակառույց այս համալիրում, բացի ԱԳՆ-ից եւ արդարադատության նախարարությունից, տեղակայված են նաեւ սփյուռքի, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները։

Ի տարբերություն այս երեքի՝ տրանսպորտի նախարարության շենքի համար հատկացվել է մի ամբողջ մասնաշենք՝ վեց հարկով, որն էլի փոքր է։ Այս նախարարության սենյակներն էլ են իրենց մակերեսով փոքր, ու աշխատակիցների համար նեղվածք կլինի։ Բայց պլյուսներ էլ կան՝ կենտրոնացված ջեռուցում, ինչը չկար հին շենքում, ընդարձակ նիստերի դահլիճ, օժանդակ հարմարություններ, նոր ու լուսավոր շենք։ Մինչդեռ հին շենքում սովետական դարաշրջանն էր՝ հին գույքով, մութ ու ցուրտ միջանցքներով, կիսախարխուլ պատերով։

Ի՞նչ է սպասվում նախարարության հին շենքին։ Մենք քանիցս գրել ենք, որ այս շենքը, որտեղ տեղակայված են նաեւ «Հայփոստն» ու «Ռոստելեկոմը», ինչքան ժամանակ է՝ հանված է աճուրդի։ Այն որոշել են օտարել՝ հույսով, որ ներդրող կգտնվի, եւ շենքը կօգտագործվի բիզնես նպատակներով։ Բայց գնորդ չի գտնվում։ Վերջին աճուրդը նախորդ շաբաթ էր հայտարարված, սակայն չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով։

Դեկտեմբերի կեսերին կլինի հերթական աճուրդը։ Շենքի մեկնարկային գինը 27.5 մլն․ դոլար է՝ 13.2 միլիարդ դրամ։ Այս աճուրդը, ի դեպ, անցկացվում է այլ սկզբունքով՝ ամեն չկայացած աճուրդից հետո գինը 20 տոկոսով չի իջնում, պահպանվում է։ Թե ինչ են անելու նախարարության այն ստորաբաժանումները, որոնք մնում են հին շենքում, երբ շենքը վաճառվի, սա եւս անհայտ է։ Հայտնի է միայն այն, որ նոր շենքի կառուցման ժամանակ տրանսպորտի նախարարության ծավալները հաշվի չեն առնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում