Մոսկվայում վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է դեպի Երեւան մի քանի չվերթ։

«Շերեմետեւո» օդանավակայանի կայքի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ՝ չեղարկվել է «Էյր Ֆրանս» եւ «Աերոֆլոտ» ընկերությունների 2 չվերթ։ Դեպի Երեւան թռիչքները պետք է կայանային Մոսկվայի ժամանակով ժամը 20։40-ին։ Հետաքրքիր է, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքում այդ մասին տեղեկություններ չկան։

Դեկտեմբերի 4-ին «Աերոֆլոտն» ընդհանուր առմամբ չեղարկել է 60 չվերթ, եւս 35-ը հետաձգվել են վատ եղանակային պայմանների պատճառով։ Չեղարկվել են նաեւ Մոսկվայից Բեռլին, Վարշավա, Վենետիկ, Միլան, Մյունխեն, Մինսկ, Օսլո, Հռոմ, Տալլին, Ֆրանկֆուրտ, Թել Ավիվ, Հելսինկի եւ ներռուսաստանյան չվերթներ։