Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին, որի տունն ուկրաինացի իրավապահները խուզարկում են, բարձրացել է 8-հարկանի տան տանիքին եւ սպառնում է ցած նետվել, հայտնում է «1+1» ուկրաինական ալիքը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող իր թղթակցին։

Սաակաշվիլիի կուսակից Դավիթ Սակվարելիձեն երեքշաբթի առավոտյան հայտնել էր, որ անհայտ անձիք կոտրել են Կիեւում Սաակաշվիլիի տան դուռը, լրատվամիջոցները հայտնում էին, որ իրավապահները խուզարկում են նրա բնակարանը։

«Հիմա Սաակաշվիլին տանիքին է եւ բանակցում է իրավապահների հետ։ Աղմուկ է լսվում։ Նա ասում է, որ եթե իրեն դիպչեն, ինքը ցած կնետվի։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ եւ բժիշկներ։ Նրա կուսակիցներից մեկին հոսպիտալացրել են ձեռքի եւ ոտքի կոտրվածքով»,– հայտնում է հեռուստաալիքը։