Կիեւում Ռադայի մոտ Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների ստեղծած ճամբարում տեղի են ունեցել բախումներ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ, որոնք եկել էին քաղաքական գործչին գտնելու ու հարցաքննության տանելու, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

Բախումները տեղի են ունեցել ժամը մոտ 6.00-ին: Դիմակայության ընթացքում ոստիկանները Սաակաշվիլիի կողմնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Ճամբարում հայտարարել են բախումների հետեւանքով մի քանի տուժածների մասին:

Նշվում է, որ Ռադայի մոտ ընթացող ակցիայի մասնակիցները շարունակում են բարիկադավորվել եւ կիեւցիներին կոչ են անում շարժմանն աջակցել:

Դեկտեմբերի 5-ի առավոտյան ուժայինները Սաակաշվիլիի տանը խուզարկություն են կատարել: Ավելի ուշ նրան ձերբակալել են եւ մեքենա նստեցրել, սակայն ակտիվիստները մեքենան շրջապատել են: Իրավապահների եւ ակտիվիստների միջեւ բախումներ են սկսվել: Որոշ ժամանակ անց ակտիվիստները կոտրել են մեքենայի ապակիները, ջարդել դները եւ Սաակաշվիլիին ազատել: Սաակաշվիլին եւ նրա կողմնակիցները եկել են Ռադայի շենքի մոտ: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Սաակաշվիլին ձերբակալվել է հանցավոր խմբավորման անդամներին աջակցելու եւ հացավոր գործունեությունը թաքցնելու քրեական վարույթի շրջանակում:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուր Լուցենկոն հայտարարել է, որ Սաակաշվիլին բողոքի ակցիաներ է անցկացրել Ուկրաինայում պետական իշխանությունը գրավելու եւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու բիզնեսմեն Սերգեյ Կուրչենկոյի հանցավոր խմբավորման անդամներին աջակցելու համար՝ նրանց դեմ քրեական հետապնդումը կասեցնելու հարցում: Դաախազությունը քրեական վարույթ է սկսել իրավապահների գործողություններին պատգամավորների խոչընդոտելու փաստով: Ավելի ուշ Ռադայում իր ելույթում Լուցենկոն հայտարարել է, որ քննությունը կգնահատի Սաակաշվիլիի փախուստի գործում 8 ժողովրդական պատգամավորների գործողությունները: Նրանց թվում են՝ Իգոր Լուցենկոն, Յուրի Դերեւյանկոն, Սվետլանա Զալիշչուկը, Մուստաֆա Նայեմը, Օլեգ Պետրենկոն, Յուր Լեւչենկոն եւ Վիկտոր Չումակը: