2018 թվականը լինելու է թանկացումների տարի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱԺ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Սա միանշանակ ընդունում է նաեւ Կառավարությունը, որովհետեւ բյուջեի նախագծով 2018 թվականի գնաճը կանխատեսվել է 4 տոկոս: Սա վերջին տարիների գնաճի ամենաբարձր կանխատեսումն է եւ շատ մեծ է հավանականությունը որ այդ կանխատեսման իրականությունը ավելի մեծ կլինի: Ընդ որում այսօր որոշ ապրանքներ արդեն թանկացել են»,-ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ կարագը թանկացել է շուրջ 39 տոկոսով, խոզի միսը շուրջ 40 տոկոսով, տավարի միսը շուրջ 20 տոկոսով, բենզինը 8 տոկոսով եւ այլն:

Պատգամավորի խոսքով` եկող տարվա թանկացումներն անխուսափելի են, քանի որ կապված են 2 գործոնի հետ:

«Դրանցից մեկը շուրջ 700 անուն ապրանքների մասով ԵՏՄ նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելն է, 2-րդը հարկային նոր օրենսգիրքը, որովհետեւ շատ հարկատեսակների հետ կապված մeնք ավելացում ունենք: 2018-ի այսպիսով սպասվում է օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված գազի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճի, դեղորայքի եւ բազմաթիվ այլ ապրանքների թանկացումներ»,-ընդգծեց Փաշինյանը:

Նրա կարծիքով` Կառավարությունը այս թանկացումների նկատմամբ «խորը արհամարհանք» է դրսեւորում. «Ինչպես ընդունված է ասել մի շարք պաշտոնական միջավայրերում առ է համարում այս իրավիճակը, թերեւ նկատի ունենալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատգամը, որ ասում էր՝ չխոսենք ճգնաժամի մասին, որպեսզի ճգնաժամը չգա: Հիմա Կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան: Ընդ որում այս արհամարհանքը ոչ թե պաշատոնական է այլ շատ կոնկրետ, քանի որ կենսաթոշակները չեն բարձրանում, սոցիալական նպաստները չեն բարձրանում, բյուջետային հիմնարկների աշխատավարձերը չեն բարձրանում եւ այլն»:

Պատգամավորի խոսքով` սա իրենց համար անընդունելի մոտեցում է. «Բայց եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, եթե հաշվի առնենք այս կառավարության, գործող իշխանության ծագումնաբանությունը, ապա սա շատ տրամաբանական մոտեցում է»,-հավելեց Փաշինյանը: