Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախօրեին՝ դեկտեմբերի 5-ին, հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Նախկինում որեւէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել: Հիշեցնեմ, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովին ապօրինի դատապարտմանը: Սկսած 2014 թվականից եւ՛ նախարաների կոմիտեն, եւ՛ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ եւ բանաձեւեր՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից երեք տարի անց էլ Մամեդովը շարունակում էր մնալ անազատության մեջ:

Պետք է նշեմ, որ առաջին անգամ Ադրբեջանի նկատմամբ այս աննախադեպ ներգործության միջոցը կիրառելու վերաբերյալ մտադրությունները հնչեցվեցին այս աշնանը: Ադրբեջանը զգուշացվել էր, որ եթե մինչեւ նոյեմբերի 29-ը չկատարի ՄԻԵԴ որոշումը, իր նկատմամբ կսկվի քննություն ՄԻԵԴ Մեծ Պալատում, սակայն նույնիսկ բազմաթիվ զգուշացումների պարագայում ադրբեջանական իշխանությունները նախընտրեցին հնչեցնել կեղծ մեղադրանքներ, քան կատարել ՄԻԵԴ որոշումը»: