Ես կարծում եմ, որ 88-ի ավերիչ երկրաշարժը ուներ երկու սարսափելի հետևանք։ Մի հետևանքը, իհարկե, բազմահազար զոհերն էին, որոնց ոչինչ ու ոչ ոք չի վերադարձնի։ Ինքս էլ կորցրել եմ բարեկամներ այդ արհավիրքի պատճառով։
Մյուս սարսափելի հետևանքը օգնություններն էին։ Ավելի ճիշտ՝ օգնության ասեղին նստելու երևույթը։ Աղետի գոտու ու հատկապես՝ Գյումրու բնակչության մի ստվար շերտ արդյունաբերական կենտրոնին հարիր բնակչությունից վերածվեց փախստականների ճամբարի բնակիչների հոգեբանությամբ ապրող մարդկային զանգվածի։
Իհարկե՛, ընդհանրացնել չի կարելի։ Ընդհանրացնելը, որպես կանոն, սխալ է ցանկացած իրավիճակում, բայց կա մի «ամոթալի» ճշմարտություն, որի մասին գրեթե լռում են։ Նույն աղետի գոտու ու Գյումրու մասին գրառումներ կարդալիս, որքան ասես կտեսնես տնակներում բնակվողների, գործազրկության, դժգոհությունների, դավադրության տեսությունների մասին հրապարակումներ, բայց շատ հազվադեպ կտեսնես մտքեր այն մասին, որ այնտեղ կա ավելի ֆունդամենտալ խնդիր։
Օրինակ՝ ողորմածիկ Զորիկ Գալստյանը, ում հետ դեկտեմբերի 7-ին պարբերաբար փորձում էինք հասկացնել դավադրապաշտ հանրությանը, որ ոչ մի սեյսմիկ զենք չկա, շենքերի նման փլուզումների վրա ազդած հիմնական զենքն էլ եղել է գողությունն ու փնթի անպատասխանատվությունը, հաճախ էր կրկնում, որ դոմիկներում հիմա ապրող մարդկանց մեծ մասը առնվազն մեկ անգամ տուն ստացել է, բայց ոմանք միանգամից վաճառել են, ոմանք վարձով են տալիս, իսկ իրենք մնում են դոմիկում, երրորդներն էլ պարզապես կողպում են ու վերադառնում են դոմիկ, որ օգնություն ստանան։ Այ սա է ամենասարսափելի երկրորդ հետևանքը, որին բախվել ենք երկրաշարժի արդյունքում։
Աղետի գոտին էլ մնալու է աղետի գոտի և դեպրեսիվ տարածաշրջան, քանի դեռ հանրության մտածելակերպից արմատախիլ չի արվել «օգնություն ստանալու» նկատմամբ հանդուրժողականությունը։ Քանի դեռ մարդիկ չեն գերադասում ձուկ բռնել սովորելը՝ ձուկ ստանալուց, նրանց աչքը միշտ էլ ձուկ տվող է որոնելու ու միշտ էլ տված ձուկը չի բավականացնելու նրանց պահանջմունքներին։