Տավուշի մարզում նորածնի սպանության գործով դատական առաջին նիստը նշանակվել է դեկտեմբերի 14-ին:

Գործը քննվելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում, դատավորն է Զոյա Զաքինյանը: Նշենք, որ այս գործով ամբաստանյալը նորածնի տատիկն է, իսկ տուժողի իրավահաջորդը՝ նորածնի մայրը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրածին Փ.-ն սեպտեմբերի 27-ին գիշերը Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու և նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դիտավորությամբ պարանոցի աջ և ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով սպանել է երեխային, ապա գցել արտաքնոցի փոսի մեջ:

Նորածնի տատիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ սեպտեմբերի 27-ին ժամը 05:10-ին Բերդի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել մարզի 33-ամյա բնակչուհին: Պարզվել է, որ Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 57-ամյա կնոջ ներկայությամբ։

Նախնական տվյալներով՝ ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ:

Հարուցված քրեական գործով ստացվել է նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը. «Պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է պտղի պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքը և որը հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների և ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով: Հայտնաբերված նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը»:

Ըստ փորձագետների՝ վնասվածքներն առաջացել են շատ կարճ ժամանակահատվածում՝ րոպեներ առաջ:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածնին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառվել է նորածնի տատի կողմից: