ԶԼՄ-ներում ու սոցցանցերում լայն արձագանք է գտել ՀՀԿ երկու տխրահռչակ պատգամավորների՝ Խոսրով Հարությունյանի ու Հակոբ Հակոբյանի պատասխանները լրագրողների հարցերին, որոնք վերաբերվել են աղքատությանն ու թանկացումներին:
Խոսրով Հարությունյանը, փորձելով ապացուցել, որ իրավիճակն այնքան էլ վատ չէ, մասնավորապես ասել է. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»։
Իսկ Հակոբ Հակոբյանը, ով ճակատագրի հեգնանքով ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է, իր հերթին ասել է. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:
Ներկայում վարվող սոցիալական կոշտ քաղաքականության, «օպտիմալացումների» ու թանկացումների ֆոնին իշխանության ներկայացուցիչների մոտ նկատելի է մի ուշագրավ միտում, որը հստակ արտահայտված է այս պատգամավորների խոսքում: Աղքատի համար ինչ տարբերություն՝ թանկացումներ են, թե ոչ, ինչպես կերել է իր կարտոլը, այնպես էլ շարունակելու է ուտել:
Այս ձեւակերպումը հստակ արտահայտում է իշխող համակարգի բնույթն ու տնտեսական քաղաքականության էությունը՝ այնքան իջեցնել կյանքի որակն ու պահանջմունքների ստանդարտները, որ թանկացումը դադարի սպառնալիք լինել: Այդպիսով, իշխանությունը հաղթեց աղքատությանն ու թանկացումներին եւ կարող է ներկայացնել այնպիսի բյուջե, որով «հետագա տարիների զարգացման հիմք է դրվում»:
Այսպիսով, իշխող համակարգը գտել է «հետագա տարիների» կարգախոսն ու բանաձեւը: Վարչապետն ասել է, որ տնտեսության վիճակն արդեն չափազանց ծանր չէ, ինչպես մեկ տարի առաջ, այլ՝ կառավարելի: Իսկ համակարգի կցասայլը՝ Դաշնակցությունը, հայտարարել է, որ հանրությունն ընդունակ չէ ընկալել, որ երկիրը ճիշտ ընթացքի մեջ է: