ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պարզաբանել է, թե ինչու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ հայկական պատվիրակության մյուս անդամները մյուս ուղեւորներին նման զննում անցել Մոսկվայի օդանավակայանում:

Արսեն Բաբայանն այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է.

«Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Դուշանբե-Մոսկվա-Երեւան երթուղուն, որի մասին վերջին օրերին տարբեր մեկնաբանություններ են հնչում:

Դուշանբեից Երեւան վերադարձի չվացուցակի համաձայն` պատվիրակությունն օդանավակայանում Մոսկվա-Երեւան թռիչքին հասնելու համար ուներ 1 ժամ 25 րոպե: Մինչդեռ, Դուշանբե-Մոսկվա չվերթը չվացուցակում 1 ժամ ուշացում գրանցեց:

Ելնելով իրավիճակից՝ հաջորդ չվերթից չուշանալու համար, ՀՀ ԱԺ նախագահն անձամբ է որոշել Մոսկվա-Երեւան ինքնաթիռին հասնել ընդհանուր ընթացակարգով, քանի որ մնացել էր ընդամենը 25 րոպե. եթե հատուկ արարողակարգային ընթացակարգով կազմակերպվեր, այն կտեւեր առնվազն 1 ժամ, եւ պատվիրակությունը չէր հասցնի այդ օրը վերադառնալ Երեւան:

Դուշանբեից կապ է հաստատվել տաջիկական ավիաընկերության մոսկովյան ներկայացուցչի հետ, որն արդեն Մոսկվայում դիմավորել է պատվիրակությանն ու արագ ուղեկցել դեպի Մոսկվա-Երեւան ինքնաթիռը:

Ընդհանուր ընթացակարգի համաձայն` պատվիրակության բոլոր անդամները, այդ թվում՝ ԱԺ նախագահը, հաշվառվել են, անցել են մետաղաորսիչ սարքով եւ մոտեցել նստեցման:

Պատվիրակության որեւէ անդամի, այդ թվում նաեւ՝ ՀՀ ԱԺ նախագահին, որեւէ մեկը չի խուզարկել:

Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ ուղեւորութունների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հաշվառումը եւ ինքնաթիռ նստելը ընդհանուր ընթացակարգով անցնելու որոշում է կայացնում: Արա Բաբլոյանի համար սա հնարավորություն է նաեւ անձամբ տեսնելու, թե այլ պետություններում ինչպես են սպասարկում մեր հայրենակիցներին:

Ի դեպ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հաճախ կարելի է տեսնել մեքենա վարելիս, խանութում գնումներ կատարելիս կամ, պարզապես, զբոսնելիս»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետին ասել էր. «Տաջիկստան պետական այցի ժամանակ Մոսկվայի օդանավակայանի անցակետում հանել են տվել Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գոտին: Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով Ազգային ժողովից պատվիրակություն էինք մեկնել Տաջիկստան: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում ուշացում եղավ, անցումային կետում էլ երկրի երկրորդ դեմքին խուզարկում են, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ մեր ամբողջ ժողովրդի աչքի առաջ ա անում դա: Ես հասկանում եմ անվտանգության հարց է, բայց չկա՞ միջպետական պայմանագիր, որ նման բան չլինի»: