ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որոշել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կորոշի, թե ովքեր են այս տարվա լավագույն մարզիկները։ Հիշեցնենք՝ նախորդ տարիներին մարզիկների լավագույն տասնյակը կազմում էր Հայաստանի մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան։ Դրա ցանկից, սակայն, ոչ բոլորն էին գոհ լինում, եւ տասնյակն աղմուկ էր հարուցում, թե ինչու Հենոն կամ այսինչ մարզիկը չկա տասնյակում։ Ֆեդերացիան էլ տասնյակը կազմում էր՝ ելնելով այդ տարի տվյալ մարզիկի գրանցած հաջողություններից, բերած մեդալներից։ Հիմա սպորտի նախարարությունը որոշել է պետական մակարդակով այս հարցը լուծել՝ կազմել հանձնաժողով, որը հստակ սահմանված չափորոշիչների, սկզբունքների հիման վրա կձեւավորի այս տարվա տասնյակը։ Զուգահեռաբար՝ ֆեդերացիան էլ իր տասնյակը կորոշի։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարի հրամանով դեռեւս տարվա սկզբին ձեւավորել են կանոնակարգի ստեղծման հանձնաժողով, որում ներառվել են բոլոր շահագրգիռ կողմերը։ «Նախարարի առաջարկով ես եմ ստանձնել ղեկավարումը։ Ժամանակի ընթացքում ինչ-որ նախագիծ էր ձեւավորվել, այնուհետեւ դրվել շրջանառության մեջ, բոլոր մարզական ֆեդերացիաները մասնակցել են քննարկումներին»,- ասաց Քարամյանը։

- Հիմա դուք հանձնաժողովի կազմով ինչպե՞ս եք ապահովելու արդարությունը, ի՞նչ չափանիշներով։

Մենք հանձնաժողովի կազմով կանոնակարգն ենք մշակել, հաստատել նախարարի հրամանով։ Ընտրությունը տեղի է ունենալու երկու բաղադրիչով։ Առաջին բաղադրիչով քվեարկելու են նախարարությունում հավատարմագրված լրագրողները, որոնք հավատարմագրվել են հստակ չափորոշիչներով։ Երկրորդ բաղադրիչով ընտրություն կատարելու են մեր քաղաքացիները՝ SMS քվեարկության միջոցով։ Մեկ հեռախոսից մեկ SMS` նշելով իր նախընտրած մարզիկի համարը։ Այնուհետեւ տեղի է ունենալու համադրումը 50/50 համադրությամբ, եւ ձեւավորվելու է լավագույն տասնյակը։ Եվ սա լավագույն համադրումն է։ Այսինքն՝ մենք փորձ ենք կատարել, ի տարբերություն նախկին 20 տարիներին տեղի ունեցած համանման բոլոր միջոցառումների, համադրել երկու կարեւորագույն սկզբունք։ Առաջնահերթը դիտարկվում են մարզական բարձր նվաճումները, եւ դրանից ոչ պակաս կարեւոր է այն հանգամանքը, որ այն մարզիկները, որոնք նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը եւ ուղղակի քարոզել են հայկականություն ամբողջ աշխարհում, բայց նաեւ հանդես են եկել Հայաստանի հավաքականի դրոշի տակ, այդ բոլոր հանգամանքները պետք է հստակորեն ներդաշնակ լինեն բարձր նվաճումների հետ։ Սրանք այն սկզբունքներն են, որոնք մարզական լրագրողներն ու մեր քաղաքացիները, որոնց մենք պատշաճ կարգով կիրազեկենք, պետք է առաջնորդվեն տասնյակը ձեւավորելիս։ Քաղաքացիների համար մենք ծանուցող երեք տեսահոլովակ ենք շրջանառելու՝ դեկտեմբերի 12-13-ից սկսած՝ մինչեւ դեկտեմբերի 25-ը, ժամը 18։00-ն։
- Այդ դեպքում քաղաքացիները, օրինակ, կարող են ամեն տարի էլ լավագույն մարզիկ ճանաչել Հենրիխ Մխիթարյանին։

Դա Ձեր կարծիքն է, ես չեմ կիսում, որ Հենրիխ Մխիթարյանն ամեն տարի կարող է լինել։ Այո, եթե Հենրիխ Մխիթարյանն ամեն տարի Եվրոպայի լիգա հաղթի, UEFA հաղթի, Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակիչ անցնի եւ այլն, կարող է էդպես լինի, եւ Աստված տա, որ էդպես լինի։ Մենք՝ որպես պետություն, ասում ենք՝ խաղի արդար կանոն։ Ինձ չի հետաքրքրում՝ Հենրիխ Մխիթարյանը, Պողոսը, Պետրոսը, Արթուր Ալեքսանյանը։ Ինձ հետաքրքիր է այն, որ արդար պետք է լինի։ Եվ պիտի ասեմ, որ բոլոր ֆեդերացիաները խաղի կանոնն ընդունել են։
- Նախկինում աղմուկ էր բարձրանում այդ տասնյակներից հետո, շատերը դժգոհում էին՝ ինչո՞ւ Հենոն չկա, Արոնյանը չկա։ Այս խնդիրը հաշվի առնելո՞վ է նախարարությունը որոշել հանձնաժողով ստեղծել եւ այս ձեւով կազմել տասնյակը։

Իհարկե։ Դուք եթե հիշում եք, նախարար Ռոստոմյանն անցած տարեվերջին տարածեց հայտարարություն, որ նախարարությունը մտահոգված է այն անառողջ մթնոլորտով, որը ձեւավորվել է մարզական լրագրողների կազմակերպության կայացրած մրցույթով, եւ որը, ըստ էության հիմնված լինելով միայն բարձր նվաճումների վրա, չի կարող ամբողջական պատկերացում տալ մեր առկա վիճակին։ Մենք իսկապես շատ լրջմիտ աշխատանք ենք վարել, որպեսզի լինի կոնսենսուս բոլոր առումներով։ Մենք բուռն քննարկումներ ենք ունեցել, ես էլ եթերով ասել եմ՝ շնորհակալություն հատկապես այն ֆեդերացիաներին, որոնք մեզ քննադատում էին։
- Ինչ-որ լարվածություն կամ բախո՞ւմ կա այդ ֆեդերացիաների եւ նախարարության միջեւ, մասնավորապես՝ մարզական լրագրողների ֆեդերացիայի հետ։

Բացարձակ, ինչի՞ պիտի բախում ունենանք։ Ես ուղղակի ջղայնացած եմ զուտ էն առումով, որ մի քիչ առաջ էլի լրագրողների հետ հանդիպման էի, ուրիշ թեմայով, մի քիչ դրանից ուղղակի… մարզական լրագրողները մեր ընկերներն են։ Նույն մարզական լրագրողների ֆեդերացիայի փոխնախագահը մեզ մոտ էս նոր կարգով հավատարմագրված է։
- Ամեն դեպքում, SMS քվեարկության դեպքում քաղաքացիներից ոչ բոլորը կարող են առաջնորդվել պրոֆեսիոնալ չափանիշներով։ Օրինակ՝ որեւէ աղջկա կարող է դուր գալ այս կամ այն մարզիկի կազմվածքը, ու նա այդ մարզիկի օգտին քվեարկի։ Հիմա եթե քվեարկության արդյունքներն էապես անհամադրելի լինեն մարզական լրագրողների կազմած ցանկի հետ, ի՞նչ եք անելու։

Չի կարող, դրանք համադրման բանաձեւով են աշխատելու։ Ե՛վ տեսական մակարդակում, ե՛ւ պրակտիկ մակարդակում հնարավոր չէ Ձեր ասածը։ Ստեղծված է համադրման մի հստակ մեխանիզմ։ Մեր կարգով նախատեսված է՝ մինչեւ դեկտեմբերի 10-ը նախարարությունը հրապարակելու է 20 մարզիկների ցանկ, դրան գումարվելու է նաեւ յուրաքանչյուր ֆեդերացիայից ստացված մեկից երեքի թեկնածություն։ Դա մի ցուցակ է լինելու։ Մենք ունենք 31 մարզական ֆեդերացիա, որոնցից, անշուշտ, կլինեն ֆեդերացիաներ, որոնք արդյունքներ չեն գրանցել, օրինակ՝ գեղասահքի ֆեդերացիան։ Նրանց ներկայացրած մարզիկների քանակն էլ կգումարվի մեր 20-ին, ու կձեւավորվի թեկնածուների ցանկը։ Այնպես որ, հստակ չափորոշիչների վրա է կառուցված, խաղի կանոնները բոլոր սուբյեկտներին հասկանալի են, 16 ժողով ենք ունեցել ութ ամսվա ընթացքում եւ հասել ենք կոնսենսուսի։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am