Lragir.am-ը գրում է.

Ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» պարբերականը դեկտեմբերի 3-ի համարում հրապարակել է ուշագրավ մի հոդված, որը վերաբերում է ռուսական հարվածային МИ-28H ուղղաթիռներին, որոնք կոչվում են նաեւ «գիշերային որսորդ»: Բանն այն է, ինչպես նշված է հոդվածում, որ այդ «գիշերային որսորդները» նաեւ կույր են, այսինքն գիշերը դրանք չեն տեսնում:
Հոդվածում, հղում անելով սենատոր, Ռուսաստանի օդատիեզերական զորքի նախկին հրամանատար Վիկտոր Բոնդիրեւին, ասվում է, որ այդ հարվածային նոր ուղղաթիռների ավիոնիկան վատն է, ինչի մասին հայտնել են Սիրիայում ռազմարշավի ընթացքում դրանք օգտագործած օդաչուները: Նրանք, ըստ հոդվածի, բողոքել են, որ գիշերային թռիչքների եւ հարվածային գործողությունների համար նախատեսված օդանավի այսպես ասած գիշերային տեսողության սարքը պարզապես չի աշխատում, երբ «հանդիպում» է որեւէ լույսի աղբյուրի, լինի դա դիմացից արձակված հրթիռ, քաղաքային լուսավորություն, կամ թեկուզ սեփական հրթիռի հարվածը:
Հոդվածում ասվում է նաեւ, որ Սիրիան առաջ է բերել եւս մեկ խնդիր, որը վերաբերում է ՏուՄ3 հեռահար ռմբակոծիչներին: Դրանք նախատեսված են երկար թռիչքի համար, բայց օդաչուների նստատեղերը խիստ անհարմար են, եւ տեւական ժամանակ նստած մնալով դրանց վրա, հետո օդաչուն շատ դժվարությամբ եւ մեջքի ցավով է հեռանում խցիկից:
Սիրիայի ռազմարշավից հետո, նաեւ դրա ընթացքում, Ռուսաստանի իշխանությունը, ընդհուպ նախագահ Պուտինը, ամենեւին չէր թաքցնում, որ Սիրիան նաեւ ռուսական նորագույն սպառազինությունը եւ տեխնիկան կիրառելու ռազմադաշտ էր: Անշուշտ, խոշոր ռազմարշավները այդ նպատակն են հետապնդում ոչ միայն Ռուսաստանի, այլ գործնականում ռազմարդյունաբերող մյուս խոշոր պետությունների համար:
Ընդ որում, Մոսկվայի գնահատմամբ, այդ «փորձարկումները» տվել են լավ արդյունք, եւ ներկայում ռուսական սպառազինությունն ունի լավ որակավորում: Կասկած չկա, որ այլ կերպ լինել չէր կարող, եւ ՌԴ իշխանությունը չէր խոստովանի այն խնդիրները, որ սպառազինության մասով արձանագրվել են Սիրիայի «փորձարկումներում»: Դա չի խոստովանի որեւէ իշխանություն, միանգամայան հասկանալի պատճառով:
Բայց խնդիրներ կան, եւ հայտնի չէ, թե հարվածային ուղղաթիռների գիշերային «կուրության», հեռահար ռմբակոծիչների անհարմարության կողքին էլ ինչ խնդիրներ են ի հայտ եկել ռուսական սպառազինության մասով: Ի դեպ, այդ տեղեկությունների ֆոնին ուշագրավ երանգ է ստանում Արեւմուտք 2017 խոշոր զորավարժությանը տեղի ունեցած մի քանի միջադեպը, այդ թվում հենց հարվածային ուղղաթիռի հետ կապված, որը սխալ հարված էր հասցրել, եւ հրաշքով չէր տուժել նկարահանող խմբերից մեկը: Չի բացառվում, որ պատճառը հենց հարվածային ուղղաթիռի «տեսողության» խնդիրն էր:
Ի դեպ, Արեւմուտք 2017 ռուս-բելառուսական խոշոր զորավարժությունից հետո ՌԴ նախագահ Պուտինը խորհրդակցություն անցկացրեց ռազմարդյունաբերական թեմայով, որի ընթացքում հայտարարեց, թե ՌԴ արդյունաբերական բոլոր ձեռնարկությունները՝ պետական թե մասնավոր, պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում արագ անցում կատարել ռազմարդյունաբերական արտադրանքի թողարկման: Ինչո՞վ էր պայմանավորված Պուտինի այդ հանձնարարականը: Հազիվ թե ՌԴ-ն պատրաստվում է այնպիսի մասշտաբային պատերազմի, որ կա ռազմարդյունաբերական այդօրինակ արտադրողականության ծավալի անհրաժեշտություն:
Թերեւս ավելի հավանական է այն, որ թե Սիրիայի ռազմարշավի իրական, չհրապարակված տեխնիկա-տնտեսական արդյունքը, թե Արեւմուտք 2017 խոշոր զորավարժությունը բացահայտել են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի խոշոր խնդիրներ, ինչին ի պատասխան էլ Պուտինը հայտարարում է «ռազմարդյունաբերական մոբիլիզացիա», հաշվի առնելով նաեւ այն, որ այդ ոլորտը Ռուսաստանի նավթա-գազային տնտեսության պայմաններում առանցքային ճյուղերից մեկն է:
Դրան զուգահեռ, «մոբիլիզացիոն» ռեժիմը կամ մոտեցումը թելադրված է գուցե նաեւ այն հանգամանքով, որ 2018 թվականի հունվարից ուժի մեջ է մտնում ՌԴ հանդեպ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը, որը ենթադրում է սահմանափակումներ նաեւ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի մասով:
Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի դեռները թակում է որոշակի ճգնաժամային իրավիճակ, եւ Պուտինն անկասկած փնտրում է ելքեր:
Այդ իմաստով, Ռուսաստանին ելք կարող է առաջարկել Հայաստանը, եթե ոչ ամբողջական, ապա գոնե իր մասով: Խոսքն այն մասին է, որ Հայաստանն իր ռազմարդյունաբերական գերազանցապես ինժեներական-գիտական մտավոր ռեսուրսի օգնությամբ կարող է Ռուսաստանին տալ առավել որակյալ արտադրանքի հնարավորություն, իհարկե դրա դիմաց ստանալով գործընկերային համազոր կոոպերացիայի հնարավորություն, որը մի կողմից Հայաստանին թույլ կտա ստանալ թե տնտեսական, թե նաեւ ռազմատեխնիկական շոշափելի էֆեկտ: Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարող է դառնալ նաեւ կոոպերացիայի հարթակ, ինչը թույլ կտա գոնե որոշակիորեն դուրս գալ պատժամիջոցների տիրույթից:
Ընդ որում, այստեղ Արեւմուտքի հետ խնդիրների սպասումը թերեւս չափազանցված է, քանի որ ԱՄՆ բացարձակապես դեմ չի լինի Հայաստանի համար տնտեսական եւ ռազմա-տեխնիկական, անվտանգային էֆեկտ ենթադրող հնարավոր կոոպերացիային, քանի որ դա կբարձրացնի Հայաստանի անվտանգության ներուժը: Իսկ Հայաստանի անվտանգությունը եւ անվտանգունակությունը նաեւ միջազգային անվտանգության համակարգի կարեւորագույն օղակ է:
Հաշվի առնելով Հայաստանի տարածաշրջանային նշանակությունն ու Արեւմուտքի ճանաչումը, Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություն կատարող Ռուսաստանն Արեւմուտքի, ԱՄՆ համար խնդիր չէ: Այլ հարց է, որ այդ Ռուսաստանը խնդիր կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի, եւ այդ սուբյեկտների հետ ֆինանսա-տնտեսական սերտ հարաբերություն ունեցող ռուսական տնտեսա-քաղաքական շրջանակների եւ կորպորացիաների համար:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am