Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել դեկտեմբերի 6-ին Երեւանում 38-ամյա տղամարդու սպանության վերաբերյալ:

38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ Արշակ Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, ավտոմեքենայի մակնիշը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ Կարեն Մինասյանը, ինչպես նաեւ՝ ավտոմեքենայի ղեկին գտնված անձի ինքնությունը, որը եւս Երեւանի բնակիչ է՝ ծնված 1994թ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Կարեն Մինասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նա հետախուզման մեջ է:

Ոստիկանությունը կադրեր է հրապարակել՝ ինչպես է Կարեն Մինասյանը մեքենայով մոտենում եւ կրակում 38-ամյա տղամարդու վրա, ապա օդանավակայանից ավիատոմս գնում եւ մեկնում Հայաստանից:

Նշենք, որ սպանվածն ու մեղադրյալն ազգականներ են:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: