«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանեւսկոյի մահվան 7-րդ տարելիցին։

Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից։ Արմեն Կանեւսկոյը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի ամենաազդեցիկ հեղինակություններից էր, եւ նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություններ են ժամանում Հայաստան՝ այցելելով Երեւանում գտնվող նրա գերեզմանին։

Նախնական տեղեկություններով՝ այս տարի, ի թիվս քրեական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, Ռուսաստանից Հայաստան է ժամանելու նաեւ Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը (Սերգեյ Լալակին)։ Ռուսաստանից բացի, քրեական հեղինակություններ կժամանեն նաեւ եվրոպական երկրներից։

Նշենք, որ այժմ Հայաստանում է գտնվում Արմեն Կանեւսկոյի եղբայրը՝ Արտյոմը, որը, ըստ տեղեկությունների, Հայաստանից դուրս չի գալիս անվտանգության տեսանկյունից։ Սակայն, ասում են նաեւ, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ առանձնապես մտերմություն չի անում, նրա հիմնական «կռուգը» Ռուսաստանի գողերն են։

Բայց Արմենի տարելիցին, բնականաբար, ներկա կգտնվեն նաեւ հայաստանյան ինչպես քրեաօլիգարխիկ, այնպես էլ քրեական հայտնի դեմքեր, որոնց համար սա դրսից ժամանած հեղինակությունների հետ շփվելու առիթ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում