Իրավապահները քրեական գործ չեն հարուցել Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արման Եդոյանի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ հաղորդման հիման վրա: Արման Եդոյանի դեմ հաղորդում տված Արտակ Գրիգորյանը դիմել է դատարան՝ բողոքարկելով այդ որոշումը: Բողոքի քննությունը տեղի է ունենում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Գրիգորյանը նշեց, որ Երեւանի կենտրոնում պաղպաղակի առեւտրի կետ է ունեցել, 2012թ. Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության աշխատակիցները պարբերաբար սկսել են այցելել իրեն եւ գումար պահանջել, ինքը մերժել է, որից հետո իրեն է այցելել անձամբ Արման Եդոյանը եւ գումար պահանջել:

«2012թ. հստակ ինքն ա ասպարեզ եկել ու ինքն ա ուզել գումար ինձնից: Ինքը բռնուցքներին ազատություն տվող անձնավորություն ա, ասում էր՝ մենք եկել ենք ստեղ փող աշխատելու, պիտի մուծվես, չես մուծվելու՝ քեզ հաջողություն: Ամիսը մոտավորապես 50 հազար էին ուզում, բացի պետական վճարներից, ես էլ չէի տալիս: Խնդիրն սենց ա՝ ախպեր, պետությանը տալիս ես, մեզ չե՞ս ուզում տաս: Որ գումար չտվեցի, ինքը հետո ամեն ինչ արեց, որ փակվի առեւտրիս կենտրոնը, ես դրանից եմ վիրավորված»,-ասաց նա:

Արտակ Գրիգորյանի խոսքով, բացի այդ իր պաղպաղակի առեւտրի կետի համար սեփական ջրագիծ է կառուցել, որն այժմ օգտագործում են տեղում բացված այլ սրճարանի համար. «Էդ ջրագիծն իրենց հովանավորած սրճարանն օգտագործում ա, ցայտաղբյուր էլ են սարքել: «Երեւան ջուրը» մինչ այդ ասում էր՝ ապօրինություն է, դիմեք ոստիկանություն, էս անգամ իրենք էլ են ասում՝ ցայտաղբյուր ա, ի՞նչ ես բողոքում: Դա իմ ուժերով կառուցած ջրագիծ ա, օրինական բաժանորդ եմ դարձել, հիմա էլ առանց ջրաչափի ջրի գողություն են անում, որը ոստիկանությունը չի կանխում, չհաշված, որ դա իմ գույքն ա, տրուբաները ես եմ առել»:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Երեւան քաղաքի բնակիչ Արտակ Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել, որ Արման Եդոյանն իրենից կաշառք է պահանջել։ ՀՀ դատախազությունից հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգելու քրեական գործ հարուցելու հիմքերը:

Հիշեցնենք, որ Արման Եդոյանի անունը կապված է նաեւ 2015թ. Երեւանի բնակչին մահացու վրաերթի ենթարկելու հետ, այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: