ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի պատրաստվում ներողություն խնդրել մարդկանցից իր արտահայտության համար, թե մսի թանկացումը չի ազդի աղքատ մարդկանց վրա, որոնք միեւնույն է նրանք միս գնելու փող չունեն եւ շարունակելու են կարտոֆիլ ուտել:

ԱԺ-ում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերում իր հրաժարականի պահանջին, Հարությունյանն ասել է, որ ինքն ընդամենը մեկնաբանել է ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությունը:

Հարցին, թե ինչու ինքը կարտոֆիլ չի ուտում, ինչպես խորհուրդ էր տվել աղքատներին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Ուտելուց լավ էլ ուտում եմ»։

Իսկ ի՞նչ միս եք նախընտրում, հարցին էլ արձագանքել է. «Դե դա արդեն զավեշտի եք վերածում»:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից»։

Խոսրով Հարությունյանն էլ իր հերթին նշել էր, որ գործընկերը չի ցանկացել վիրավորել մարդկանց, պարզապես նկատի է ունեցել, որ եթե մարդ սովոր է կարտոֆիլ օգտագործել, ապա, միեւնույն է, մսի թանկացումը նրա վրա չի ազդի, քանի որ նա գումար չունի միս գնելու ու շարունակելու է կարտոֆիլ օգտագործել։