Գեներալ Սարոյանի հետ մեր հարաբերությունները շատ լավ ա, եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները շատ լավ կըլնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ իր եւ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հարաբերությունները լարվել են:

«Մամուլի սուտ բաները սաղ դուք եք գրում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նախօրեին Սեյրան Սարոյանը ամոթանք էր տվել ապրանքները թանկացնողներին, ասելով՝ «գետինը մտնեն, խիղճ չունեն», Սամվել Ալեքսանյանն արձագանքեց. «Ճիշտ ա ասում, ով որ թանկացնում է, գեներալը ճիշտ ա ասում»:

Այդ ընթացքում լրագրողներին մոտեցավ ինքը՝ Սեյրան Սարոյանը, որը ծիծաղելով ասաց. «Ստից խոսում են, ինքը ձեթ ծախող ա, կարագ ծախող չի, խառնել եք տեղերը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Հրապարակ» թերթի տեղեկություններ կան, որ Սեյրան Սարոյանի եւ Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները թարսվել են. «Ալեքսանյանը «քաշել» է գեներալին եւ նրա գործարանի օղին չի տարել Քրդստան, քանի որ խփում է իր բիզնեսին»:

Ի դեպ, վերջին թանկացումների մասին խոսելով՝ Սարոյանը, նկատի ունենալով սուպերմարկետներ ունեցող օլիգարխներին, ասաց․ «Դե, որ ամոթ ունենան, չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի, էլի, օլիգարխ չի, ով ուզում ա լինի, պետք չի էդքան ագահ լինել: