Սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով հաջորդ տարվա ապրիլից իշխանության վերաձեւումների մասին։ ։

«Իշխանության գծապատկերը Սահմանադրությունն է սահմանել։ Եթե նկատի ունեք կոնկրետ պաշտոնատար անձանց, ապա բնական է, որ ես իմ գործընկերները մշտապես փնտրտուքի մեջ ենք»,- նշել է նախագահը եւ հավելել. «Սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները։ Կարող եք չկասկածել։ Երբ խոսում են այս կամ այն պաշտոնում սա կամ նա է լինելու, երեւի լավ է, որ խոսում են։ Մարդիկ իրավունք ունեն ակնկալելու ինչ-որ բաներ։ Բայց որեւէ իշխանություն նախօրոք նման բաներ չեն ասում։ Պետական պաշտոններում նշանակելու հարցը նախօրոք ասելը սխալ է»։

Հարցազրույցը վարողի դիտարկմանը, թե «դատելով Ձեր ծրագրերից՝ դուք նման չեք պաշտոնյայի, որը եզրափակում է իր կարիերան», Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Բոլոր դեպքերում ճիշտ ճանապարհը սա է, պետք է մինչեւ վերջին պահը բարեխիղճ կատարել այն պարտականությունները, որ դու կամովին ես ստանձնել։ Ես պատրաստ պիտի լինեմ մինչեւ վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները Դրանից հետո կտեսնենք՝ ինչ կլինի»։

Հարցին, թե կշարունակի մնալ քաղաքականության մեջ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Կտեսնենք»։